Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ


Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ:


 


«Նրանք իմ ընկերներն են: Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամն իմ ընկերն է: Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում: Բայց այս անգամ՝ ոչ: Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խումբը»,- հավելել է Թրամփը:


 


Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր նոր հիմնած Խաղաղության խորհուրդը գործի Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցությամբ: Միևնույն ժամանակ, նա քննադատել է ՄԱԿ-ին՝ համաշխարհային սպասելիքները չարդարացնելու համար:


 


«Ես միշտ ասել եմ, որ ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի։ Այն դեռ չի օգտագործել այդ ներուժը, բայց դա հսկայական է»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:


 


Անդրադառնալով Իրանին՝ Թրամփը նշել է, որ ամռանը երկրի դեմ ռազմական գործողություններն ամբողջությամբ ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը:


 


«Իրանը ցանկանում է և բանակցելու է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:


 


Նա ասել է, որ շատ դրական իրադարձություններ են տեղի ունենում, և Եվրոպային, ԱՄՆ-ին ու Մերձավոր Արևելքին սպառնացող վտանգներն իսկապես նվազում են:

Դիտումների քանակ17

Leave a Comment