Կեղծ մեղադրանքներով Եպիսկոպոսաց ժողովի խափանումը անթույլատրելի է

Կեղծ մեղադրանքներով Եպիսկոպոսաց ժողովի խափանումը անթույլատրելի է

22 հունվարի 2026 – 16:21 AMT

PanARMENIAN.NetՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով:

Նշվում է նաև, որ հարկ չկա «հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում»:

«Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որով հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տաս եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։

Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան և անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ Միևնույն ժամանակ թե՛ անցյալում, թե՛ առավել ևս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները Եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը՝ ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով։

Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերը իրենց մասնակցությունն են բերել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել Եկեղեցու գործունեության հետ առնչված։ Այս կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ արդեն իսկ պաշտոնապես տրվել են։

Իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում՝ բարձրաձայնվող խնդիրները, պետք է քննության առնվեն և պատշաճ լուծումներ գտնեն Եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել և հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները։

Եկեղեցական կյանքի վերանորոգումը և զորացումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է աղոթական միություն, տևական ու միասնական աշխատանք և ուխտապահություն։

Հավատարիմ իր Տերունաշնորհ առաքելությանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուռ կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած եպիսկոպոսներին մասնակցելու փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին։

Դրան ի պատասխան տարածած հայտարարության մեջ Փաշինյաին միացած հոգևորականները կոչ են արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը: Կոչ է արվում նաև «իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև»:

Leave a Comment