22 հունվարի 2026 – 15:33 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սպասվող միացմանը՝ գնահատելով այն որպես խիստ վտանգավոր քայլ, հայտնում է Sputnik Արմենիան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը էներգահամակարգերը միանալու են կողմերն օգտվելու են ներմուծման ու արտահանման հավասար պայմաններից։
«Կարո՞ղ է՝ մի օր էլ բանակները միացնի, ասի՝ ծախսերն օպտիմալ կազմակերպելու համար եկեք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը միացնում իրար։ Նույն տրամաբանությունն է։ Ես հիմա պետք է բացատրե՞մ՝ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի՛ քաղաքացիներ, դուք համաձա՞յն եք ձեր լույսի ռուբիլնիկը տալ Ադրբեջանին»,- նշել է պատգամավորը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզով ռազմավարական նշանակության տարանցիկ ճանապարհի ստեղծում՝ «Թրամփի ուղի» (TRIPP) անվանմամբ։ Այն պետք է ապահովի Ադրբեջանի առևտրային մուտքը Նախիջևան։
Նույն հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության ներկայությամբ, նախաստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 11-ին հավելել էր, որ Հայաստանը ամերիկյան կողմին հող չի վարձակալեցնում 99 տարով, այլ տրամադրում է կառուցապատման իրավունք։