TRIPP-ը կարող է փոխել Հարավային Կովկասի և Եվրասիական առևտրային ուղիների աշխարհաքաղաքականությունը․ Atlantic Council

Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակվել է Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու Դ’Անիերիի և «Թուրան» հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էպշտեյնի վերլուծական հոդվածը, որը նվիրված է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին և տարածաշրջանի վրա նրա հնարավոր ազդեցությանը։

Հեղինակները ընդգծում են, որ նախագիծը ծագել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շրջանակներում և կապված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և Արևմուտքի կողմը վերակողմնորոշվելու քաղաքականության հետ։

Նրանց կարծիքով, ԱՄՆ-ի վերահսկողական դերը նախագծում քաղաքական երաշխիքներ է տալիս միջանցքի իրականացման համար, նվազեցնում է համաձայնագրերի խափանման ռիսկը և սահմանափակում է Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում։

Հեղինակները նշում են, որ Հարավային Հայաստանի միջով անցնող 27 մղոնանոց տրանսպորտային միջանցքը, չնայած իր սահմանափակ երկարությանը, կարող է կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գործում՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը։ Նրանք գնահատում են, որ TRIPP-ը կարող է դառնալ Միջին միջանցքի կարևոր տարր և նվազեցնել հումքի և ապրանքների Եվրոպա տեղափոխման արժեքը։

Միևնույն ժամանակ, հեղինակները մատնանշում են հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների շրջանցման սպառնալիքը, Միջին միջանցքի երթուղիների պահանջարկի անկայունությունը և Իրանի բացասական արձագանքը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment