Ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը․ Այն, ինչ անում ենք, շատ կարևոր է․ Թրամփի ելույթը՝ կետերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի կանոնադրությունը՝ այն անվանելով «շատ հուզիչ օր, որին երկար ժամանակ էին պատրաստվում»։

Ներկայացնում ենք Թրամփի ելույթը՝ կետերով․

  • Այն, ինչ մենք անում ենք, շատ կարևոր է:
  • Երբ այս խորհուրդը լիովին ձևավորվի, մենք կարող ենք անել գրեթե այն, ինչ ուզում ենք։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ համատեղ։
  •  Բոլորը ցանկանում են լինել «Խաղաղության խորհրդի» անդամ։
  • Ընդամենը մեկ տարի առաջ աշխարհն իրականում կրակի մեջ էր․ շատերը չգիտեին դրա մասին։
  • Աշխարհը հիմա շատ ավելի հարուստ, անվտանգ և խաղաղ է, քան իմ երկրորդ ժամկետի մեկնարկից առաջ էր։
  •  ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը, եթե դա չանի, դա կլինի նրա վերջը։
  • Մենք մեծ հաջողության ենք հասնելու Գազայում։ Ես ամեն ինչ կանեմ, որ Գազան ապառազմականացվի և վերակառուցվի։
  • Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դարձել են իմ ընկերները։
  • Պատմության մեջ ոչ մի վարչակազմ 12 ամսվա ընթացքում նման արմատական ​​շրջադարձի չի հասել։

Անդրադառնալով Սիրիայում ԻՊ-ի դեմ ԱՄՆ գործողություններին՝ Թրամփն ասել է, որ «շատ լավ բաներ են տեղի ունենում»՝ պնդելով, որ Եվրոպային, ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքին սպառնացող վտանգներն «իսկապես թուլանում են»։

Նշենք, որ Թրամփը նաև քննադատել է Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ կատակելով, որ այն ունի «հսկայական ներուժ», բայց իր լուծած 8 հակամարտություններից ոչ մեկի մասին երբեք չի խոսել ՄԱԿ-ի հետ։

Հիշեցնենք, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել է 19 երկրի առաջնորդ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Ստորագրած երկրներն են՝ Բահրեյնը, Մարոկկոն, Արգենտինան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը,Կոսովոն, Պակիստանը, Պարագվայը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան,ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Մոնղոլիան։

 

 

 

Leave a Comment