2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Գնումների մասին» օրենքում նախատեսվող նոր կարգավորումները

ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկվեց և հավանության արժանացավ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերը։ Ինչպես փոխանցում է Iravaban.net–ը  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը՝ ընդգծելով, որ գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի ներդրումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Նման համակարգի առկայության անհրաժեշտությունը սահմանված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով։

Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հայեցակարգում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նախարարը կարևորեց օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացին՝ առաջարկելով ներդնել հետևյալ մոդելը.

«Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Փոխկապակցված կհամարվի նաև այն ընկերությունը, որում պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգականները մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա ունեն ուղղակի կամ անուղղակի իրավունք տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կամ որոշիչ ազդեցություն ունենալու ընկերության կողմից ընդունվող որոշումների վրա, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները սահմանելու և կազմակերպության հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ տալու միջոցով»,-ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment