Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ծրագիրը նպատակ ունի ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծել աղբահանության ինտեգրված համակարգ: Ծրագրի շրջանակներում ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2016–ի ապրիլի 5-ին կնքվել է 5,5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, իսկ 2017 թվականի հունիսի 30-ին երկու դրամաշնորհային համաձայնագրեր՝ ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի (3,500,000 եվրո) և E5P տարածաշրջանային հիմնադրամի (2,000,000 եվրո) աջակցությամբ:
Վերոնշյալ վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ երկու մարզերի նախկին 12 քաղաքային համայնքների կողմից ստեղծվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ–ն։
Վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված վարչատարածքային բաժանման փոփոխությունների արդյունքում Կոտայքի մարզի ներկայիս Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Հրազդան, Նոր Հաճըն, Նաիրի (ընդգրկում է նախկին Եղվարդ քաղաքային համայնքը), Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սևան և Վարդենիս համայնքները հանդիսանում են նախկին 12 քաղաքային համայնքների իրավահաջորդներ։
Ներկայումս համայնքների խոշորացման արդյունքում դրանց թվի աճով և դրանցից մեկի վերանվանմամբ (Եղվարդն այժմ Նաիրի է) պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Կոտայքի մարզի Ակունք, Արզնի, Գառնի և Ջրվեժ համայնքներին ևս դարձնել Ծրագրի շահառու և ներգրավել Ծրագրի իրականացման աջակցության համաձայնագրում։ Այդ նպատակով Ընկերության կանոնադրության մեջ 2025 թվականին կատարվել են փոփոխություններ և նշված համայնքները ևս դարձել են նոր բաժնեմասնակիցներ։ Միաժամանակ, չնայած ստորագրողների թվի ավելացմանը, համաձայնագրերի շրջանակում իրականացվող ծրագրի աշխարհագրական ծածկույթը և գործառույթները մնացել են անփոփոխ:
Պայմանավորված այդ հանգամանքով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել հիշյալ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
174 դիտում