Հոգիս ցավում է․ «Ռեալի» աստղը մեկուսացել է արտաքին աշխարհից

Մադրիդի «Ռեալի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրահիմ Դիասը խորը հոգեբանական ճգնաժամ է ապրում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակչում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո։

Ֆուտբոլիստը կարող էր պատմական հաղթանակ պարգևել իր ազգային ընտրանուն, սակայն հանդիպման երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 0-0 հաշվի ժամանակ, չի կարողացել իրացնել 11-մետրանոցը։ Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ Սենեգալի հավաքականը խփել է հաղթական գոլը՝ նվաճելով գավաթը։

Հաղորդվում է, որ Դիասը խզել է կապը արտաքին աշխարհի հետ, չի պատասխանում հեռախոսազանգերին և ցանկանում է որոշ ժամանակ միայնակ անցկացնել։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հանդես է եկել հուզիչ հայտարարությամբ.

«Հոգիս ցավում է։ Ես երազում էի այս տիտղոսի մասին՝ զգալով ձեր սերն ու աջակցությունը։ Յուրաքանչյուր հաղորդագրություն և քաջալերանքի խոսք ինձ ուժ էր տալիս՝ զգալու, որ մենակ չեմ։ Ես պայքարում էի ողջ էությամբ, բայց առաջին հերթին՝ սրտով։

Եզրափակչում ես սխալվեցի, ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունն ու ի սրտե ներողություն խնդրում։ Ինձ համար դժվար է վերականգնվել, քանի որ այս վերքը հեշտ չի սպիանա, բայց ես կփորձեմ։ Ոչ թե հանուն ինձ, այլ բոլոր նրանց համար, ովքեր հավատում էին և անհանգստանում ինձ հետ միասին», – գրել է Դիասը։

Հիշեցնենք նաև, որ 26-ամյա խաղացողը 5 գոլով դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու։

Leave a Comment