21 Հունվարի 2026, 21:58
Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը հունվարի 20-ին նշել են լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակը։ Նույն բեմում հանդիպել են կատարողների ու ունկնդիրների տարբեր սերունդներ, իսկ հայտնի մեղեդիները հնչել են նորովի՝ փաստելով, որ Բաբաջանյանի երաժշտությունը շարունակում է ապրել, հուզել և արձագանք գտնել ժամանակակից լսարանի սրտերում։
Երեկոյի գլխավոր հյուրը կոմպոզիտորի որդին էր՝ Արա Բաբաջանյանը։ Նրա ներկայությունը միջոցառմանը առանձնահատուկ խորհուրդ տվեց. բեմից հնչող երաժշտությունը միավորեց ընտանիքի պատմությունն ու մշակույթի պատմությունը։
«Նա շատ կուրախանար, որ մարդիկ եկել են լսելու իր երաժշտությունը։ Եվ, հուսով եմ, կլինեն շատ երիտասարդներ, գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ կանայք. հավանաբար նա սրան նույնպես ուշադրություն կդարձներ։ Այսօր ելույթ է ունենալու հրաշալի նվագախումբ, նաև մենակատարներ։ Կարծում եմ՝ նրա համար հաճելի կլիներ մեզ հետ այստեղ գտնվել»,-Alpha News-ի հետ զրույցում նշել է կոմպոզիտորի որդին։
Նա կիսվել է իր զգացողություններով, թե երբ է առաջին անգամ գիտակցել հոր անվան մասշտաբը։
«Դա Պյոտր Չայկովսկու անվան դահլիճն էր։ Հայրիկը նվագախմբի հետ նվագում էր իր «Հերոսական բալլադը»։ Մինչ այդ ես տանը լսում էի, թե ինչպես է նա պարապում դաշնամուրով, երաժշտություն հորինում, բայց երբ ես նստած էի դահլիճում (չեմ հիշում որ շարքում), և հայրիկը դուրս եկավ, և առաջին ակորդները հնչեցին, մարմնովս սարսուռ անցավ՝ կարծես տիեզերական զգացողություն էր», -պատմել է Արա Բաբաջանյանը։
Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը Alpha News-ին պատմել է այն միջոցառումների մասին, որոնք այս տարի սպասվում են կոմպոզիտորի արվեստի երկրպագուներին։
«Փետրվարին պլանավորում ենք Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը. ընդհանուր առմամբ 30 հատոր է լինելու… Իսկ տարին, կարծում եմ, շատ հագեցած կլինի։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի քաղաքներում տեղի կունենան որոշակի միջոցառումներ։ Իսկ փետրվարի 8-ին Մինսկում կկայանա հոբելյանական համերգը»,-հայտնել է Արմեն Սարգսյանցը։