Հետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվի

Դեկտեմբերին նախատեսված, բայց հետաձգված եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, փետրվարի 16-ից 19-ը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ հետաձգման պատճառը եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակն է, և նույն մտահոգությամբ որոշվել է ժողովը Հայաստանի սահմաններից դուրս գումարել։ Կաթողիկոսը ժողովի է հրավիրել բարձրաստիճան բոլոր, նաև իրեն անվստահություն հայտնած հոգևորականներին։ Վերջիններս, սակայն, համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով չեղարկել եպիսկոպոսաց ժողովը՝ այն պառակտիչ գնահատելով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։

«Որոշվեց Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, կրկին այդ՝ եկեղեցու դեմ սանձազերծված արշավը և եկեղեցականների նկատմամբ ճնշումները նկատի ունենալով»։

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ի տարբերություն նախորդ՝ չեղարկված եպիսկոպոսաց ժողովի, Մայր Աթոռն այս անգամ չի մանրամասնել քննարկվելիք հարցերի շրջանակը։

Կառույցի իրավասության սահմաններում 7 ուղղություններ են՝ դավանաբանական հարցերի սահմանումից, նոր ծեսերի հաստատումից մինչև եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխումներ ։ Մայր Աթոռում ենթադրում են, որ եպիսկոպոսաց ժողովը Էջմիածնում կազմակերպելու դեպքում ճնշումների և որոշակի լարվածության հավանականություն կա։ Տեր Եսայի քահանայի խոսքով՝ դեկտեմբերին նախատեսված ժողովը հետաձգվեց հենց այդ պատճառով՝ հաշվի առնելով եկեղեցականների մտահոգությունները։ Իշխանությունը մինչդեռ «եկեղեցու նկատմամբ ճնշում» արտահայտությունը տեղին չի համարում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյան․

«Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի, առավել ևս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ձեռնարկվել է եկեղեցու բարենորոգման բավական պոզիտիվ նախաձեռնություն, որին հատկապես և առաջին հերթին միացել են եկեղեցու սպասավորներ, եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներ, քահանաներ և այլն։ Եվ կաթողիկոսը կարգալույծ եղած է»։

Պատգամավորը մտահոգիչ է համարում եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս գումարելու որոշումը։

«Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից»։

Ըստ եկեղեցական կանոնակարգի, սակայն, կաթողիկոսն է որոշում եպիսկոպոսաց ժողովի վայրը։ Բացի ազգային-եկեղեցական ժողովից, Հայ առաքելական եկեղեցու մյուս բոլոր հավաքները կարող են լինել ոչ թե Մայր Աթոռում, այլ Հայաստանի այլ քաղաքներում կամ արտերկրում՝ սոցիալական ցանցում գրառմամբ մանրամասնել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․

«Առանձնակիորեն կարևոր է նշել՝ որևէ եպիսկոպոսաց ժողովի գումարման սկզբունքային մոտեցումը պետք է լինի կազմակերպել ժողովն այնպիսի պայմաններում, որ ապահովվի ժողովականների հոգևոր և ֆիզիկական ազատությունը, ժողովական անկաշկանդ քննարկումը և եկեղեցական պատասխանատվության լիարժեք իրացումը։ Այս մոտեցումը ձևավորել է Հայ եկեղեցու համակարգային ինքնապաշտպանության այն տրամաբանությունը, որը կիրառելի է նաև մեր օրերում»։

Փետրվարի 16-ից 19-ը գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը հենց այս գաղափարով է տեղափոխվում Սանկտ Փյոլթըն։ Քահանայի խոսքով՝ ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ։ Այն լիովին կանոնական է և հիմնված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմական փորձի վրա։ Վերջին անգամ արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարվել է Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին Կահիրեում։

Կաթողիկոսը, Տեր Եսայի Արթենյանի փոխանցմամբ, հրավիրել է բոլոր եպիսկոպոսներին, նաև իրեն անվստահություն հայտնած և «եկեղեցու բարենորոգման» օրակարգին միացած եպիսկոպոսներին։ Նրանք, սակայն, միասնական հայտարարությամբ կոչ են արել չեղարկելու արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը՝ այն որակելով երկպառակություն սերմանող։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան․

«Ի՞նչ է նշանակում օտար երկրում գնալ և նվիրապետական կառույցի՝ Հայ եկեղեցու եպիսկոպոսների ժողով անել։ Սա անթույլատրելի է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր հոգևոր եղբայրներին, մեր եպիսկոպոս արքեպիսկոպոս եղբայրներին կոչ անել․ չտրվե՛ք այս սադրանքին և չգնա՛ք այդ ժողովին։ Այս ժողովը իրավունք չունի Հայաստանից դուրս տեղի ունենալու։ Եթե պիտի տեղի ունենա եպիսկոպոսական ժողովը, պիտի լինի անպայման Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Եկեղեցու բարենորոգման խորհուրդը Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով չգումարելու որոշումն անհիմն է որակել, քանի որ չեն ներկայացվել դրա պատճառները։ Բացի դրանից, խորհրդի կարծիքով, «Հայ եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստճան հոգևորականների՝ առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Երկու շաբաթից մի փոքր ավելի գործող այս խորհուրդը ձևավորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում և նրա գլխավորությամբ։ Ներկայացվել էր կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացման և եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը։ Մայր Աթոռի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, սակայն, գոյություն չունի որևէ ընթացակարգ, որ հիմք դառնա կաթողիկոսի հեռացման համար․

«Ուզում է 10 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 100 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 200 եպիսկոպոս հավաքվի՝ իրենց պահանջը, իրենց դիմումը, հակականոնական է, անընդունելի է, որովհետև իրենք ապստամբ են և եկեղեցու դեմ են գործում։ Հայոց հայրապետին հրաժարեցնելու մեկ պատճառ կա՝ եթե Հայոց հայրապետը մեր եկեղեցու ուղղափառ և սուրբ դավանությանը հակառակ դավանանք սկսի քարոզել»։

Մինչդեռ, իշխանության պնդմամբ, կաթողիկոսը ոչ միայն խախտել է եկեղեցական կանոնակարգը, այլև աշխատում է Հայաստանի անվտանգության դեմ։

Սարգիս Խանդանյան․

«Երևան եկավ մեկ այլ հանգամանք, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը գործակալ է,  ինչը, ըստ էության, նաև սպառնալիք է Հայաստանի Հանրապետության դեմ»։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մինչև օրս չի արձագանքել այս մեղադրանքներին, նա չի շտապում նաև կարգալույծ հռչակելու իրեն անվստահություն հայտնած բոլոր եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։ Նախօրեին հայնտի դարձավ, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, որը ողջունել էր «եկեղեցու բարենորոգման օրակարգն» ու վարչապետի ուխտերթը, կաթողիկոսի որոշմամբ, կարգալույծ է արվել։ Ավելի վաղ կարգալույծ էր հռչակվել նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա, սակայն, եկեղեցու դեմ հայց էր ներկայացրել դատարան և դատավորի որոշմամբ վերականգնվել թեմի առաջնորդի պաշտոնում։ Մայր Աթոռը, սակայն, չի ընդունում այս որոշումը և հայտարարում է, որ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։

Leave a Comment