Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփել է նախարարության 2025 թ․ կատարած աշխատանքը։ Նախարարի կարծիքով՝ վերջին տարիների համախառն ներքին արդյունքի աճը տպավորիչ է։ Սրանով պայմանավորված էլ Հայաստանի միջազգային վարկանիշը փոխվել է՝ կայունից դեպի դրական։ 2025–ին Հայաստանի տնտեսությունը մնացել է տնտեսական բարձր աճի շրջանում։
Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը ևս բարելավվել է։ Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը, տնտեսական ցուցանիշներց բացի, խոսել է նաև այլ թեմաներից։ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ հունվարի 19–ին հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող և պետությունից ստարտափի արտոնագիր ստացած «Կարիտաս Իտալիանա» (Caritas-Italiana) ընկերության հետ ֆինանսների նախարարի կապերին: Քրեական վարույթը նախաձեռնվել էր ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։ Բայց Հովհաննիսյանը պնդել է, որ ձեռնարկատիրությամբ չի զբաղվել այն պահից, երբ պետական պաշտոնի է անցել։
Ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի ՀՆԱ-ի վրա տարածաշրջանային իրադարձությունները և մասնավորապես «Թրամփի ուղու» գործարկումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ցուցանշային գնահատումներ չի անում՝ համարելով անշնորհակալ գործ։ Բայց և ընդգծում է, որ հաշվարկներն ու արդյունքները մի շարք գործոններով են պայմանավորված․
«Դա կախված կլինի այն ապրանքաշրջանառության ծավալից, որը այդ ենթակառուցվածքով պետք է հոսի։ Դա կապված կլինի հարակից այլ էֆեկտների հետ, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացմանը և այդ առևտրին առնչվող ազդեցություններին»։
Ֆինանսների նախարարությունը չի նախատեսել, որ ադրբեջանական նավթամթերք կներմուծվի Հայաստան։ Տնտեսական էֆեկտը չեն հաշվել, բայց նախարարը վստահ է՝ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։
«Բոլորը ազդեցություններ են, որոնք ամեն մեկը իր չափով ունենում է Հայաստանի տնտեսության վրա, և ընդհանուր ձևով էս պահին մոդելավորել էդ ամեն ինչը չեմ կարծում, թե հնարավոր է»։
Ոսկու գնի փոփոխությունը մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ, ուստի երբ հաշվարկում էին Ամուլսարի շահագործման ազդեցությունը բուջեի վրա, չէին կարող կանխատեսել, որ գների փոփոխությունն այսքան կտրուկ կլինի, ասում է Հովհաննիսյանը։
Երկրի տնտեսության ընդհանուր զարգացումից Վահե Հովհաննիսյանը գոհ է։ 2025–ի արդյունքներով՝ տնտեսական աճը կազմել է 5,5 %-6 %: 2025 թ․ հունվարից նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,3 %, իսկ գնաճի միտումները մոտ են եղել թիրախային ցուցանիշներին՝ 3 %-ի մակարդակում: Ըստ նախարարի կանխատեսումների՝ հարկեր–ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշում կգրանցվի 1 տոկոսային կետի բարելավում՝ հասնելով 24,5 %-ի: Դա թույլ կտա 2026–ին ավելի հեշտությամբ մոտենալ թիրախային 25 %-ին: Այս տարի էլ խոշոր ծրագրեր կիրականացնեն՝ ասում է ֆինանսների նախարարը․
«Կամ շարունակվելու են կամ մեկնարկելու են, օրինակ՝ Հյուսիս-հարավի հարավային հատվածի աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է եղել 2025 թ․, և դա կշարունակվի 2026-ին։ Մեկնարկելու ենք աշխատանքները արդեն Սիսիան-Քաջարանհատվածում, որտեղ հողի օտարումների աշխատանքներն են սկսվելու, և հույս ունեմ՝ նաև որոշակի շինարարական նախապատրաստական աշխատանքներ կլինեն այդ հատվածում»։
Անցած տարեվերջին պարզ դարձավ, որ Շիրակի մարզում կառուցվող Կապսի ջրամբարի շինարարությունը դարադերցվել է։ Ֆինանսական ի՞նչ ծախս է արվում այս պահին, արդյո՞ք կառավարությունը վճարում է ծրագրի վարկային միջոցների սպասարկման համար, անգամ եթե ծրագիրն այս պահին դադարեցված է՝ հարցնում եմ ֆինանսների նախարարին․
«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել: Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում։ Ջրամբարի կառուցման աշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները»։
Հովհաննիսյանը կարծում է, որ նման ենթակառուցվածքային ծրագրերում լինում են դեպքեր, երբ խնդիր է առաջանում կապալառուի հետ․ եթե պայմանագիրը խզվում է, նշանակում է, որ պետք է այլ կապալառու գտնվի: Այդ փոփոխությունը շատ ռիսկային է։ Իսկ ռիսկայի՞ն է արդյոք պարտքի ավելացումը։ Նախարարը պարզաբանում է՝ պարտք չեն վերցնում, որ ընթացիկ ծախսերի կատարումն ապահովեն։ Ֆիսկալ քաղաքականությունը դա թույլ չի տալիս․
«Մեր կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան մեր դեֆիցիտը։ Մենք կունենանք շատ ավելի փոքր դեֆիցիտ, քան պլանավորված էր 2025-ին, մոտավորապես, իմ կարծիքով, կլինի 4,5 %, այսինքն՝ ավելի քիչ՝ պլանավորված 5,5 %-ի համեմատությամբ, բայց մեր կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում, եթե չեմ սխալվում, 6 % ավելին են։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ամբողջ պարտքն ուղղվել է կապիտալ ծախսերի կատարմանը»։
Բարձրաստիճան պաշտոնյաների բարձր պարգևավճարները։ Նախարարը դժվարանում է ասել, բայց շեշտում է, որ մասնավոր հատվածում որակյալ մասնագետներն ավելի բարձր են վճարվում, քան պետական համակարգում։ Ավելին՝ նա ընդգծում է, որ 5-6 տարի պաշտոնյաների աշխատավարձը չի փոխվել։
«Այս քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումն այն է եղել, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձն այնքան էլ ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որպեսզի առնվազն հնարավոր լինի որոշակի թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով՝ աշխատավարձ բարձրացնել, և որ այդ բարձրացումը պետք է լինի ոչ բոլորի համար նույն ձևով։ Այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանք կստանան մի փոքր ավելի բարձր աշխատավարձ, մյուսները ՝ մի փոքր պակաս։ Չէի ասի, որ սա պարգևավճար է, որովհետև սա աշխատավարձի բարձրացում է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով»:
Նախարարը կարծում է, որ հավաքված հարկերի մի մասը պետք է ծառայի որպես աշխատավարձ, քանի որ լարված, սթրեսային աշխատանքով զբաղված պետական պաշտոնյաները չպետք է մտածեն սոցիալական խնդիրների մասին, որպեսզի կարողանան աշխատել։
«Իմ մոտեցումը այս հարցին հետևյալն է․ այո՛, դա ցավոտ է, այո՛, դա կարելի է շահարկել, բայց թափանցիկությունը և հաշվետվողականությունը այն քաղաքականությունն է, որը մենք որդեգրել ենք։ Ցավոտ շահարկման գնով նույնիսկ պետք է գնանք այս ճանապարհով, իհարկե, իրար հետ պետք է գտնենք, թե որն է վարձատրությունը, որը պետք է ստանա, օրինակ, նախարարը։ Ո՞ւմ հետ պետք է համեմատվի նախարարը, որ, ասենք՝ սա բավարար աշխատավարձ է։ Ես ինքս կողմ եմ այս մոտեցմանը»։
Բարձրաստիճան պաշտոնյաների բարձր պարգևավճարների կամ աշխատավարձի՝ այլ ձևով բարձրացումը, ըստ ֆինանսների նախարարի, համարձակ քայլ է․ հիմնավորում կա․ պաշտոնյաներին հաջողվել է 300 մլրդ դրամով ավելի հարկ հավաքել, քան 2024-ին: ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին․
2024 թ․ դեկտեմբերի 4-ին Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը մի խումբ իրավաբանների հետ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների համար ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ 2025 թ. ապրիլի սկզբին Վերաքննիչ դատարանը չեղարկել է գործ հարուցելուց հրաժարվելու մասին հակակոռուպցիոն դատարանի որոշումը և պարտավորեցրել է քրեական վարույթ հարուցելու։ Այս գործի շրջանակում հունվարի 19-ին Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։