Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը և ստանում է բարձրացված աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կամավոր ատեստավորման արդյունքներին՝ նշելով, որ մինչ օրս ատեստավորվել է 9602 ուսուցիչ, ինչը կազմում է ուսուցչական կազմի շուրջ 31 տոկոսը։

Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը և ստանում է բարձրացված աշխատավարձ, ինչը վկայում է դրական դինամիկայի և առաջընթացի մասին։ Նա ընդգծել է, որ նման աճ է գրանցվում նաև տարակարգի դիմելու և այն ստանալու գործընթացում․ համապատասխան տեմպը, նախարարի գնահատմամբ, ավելի քան երեք անգամ աճել է։

Նշվել է, որ իրականացվող քաղաքականությունն ունի կոնկրետ արդյունքներ և հետևանքներ։ Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում դպրոցներ են ներգրավվել շուրջ 4000 նոր ուսուցիչներ, որոնցից 80 տոկոսը մինչև 45 տարեկան են։ Նախարարի խոսքով՝ նրանք ընտրել են մանկավարժի մասնագիտությունը՝ տեսնելով կառավարության քաղաքականությունը և այն հնարավորությունները, որոնք ապահովում են մասնագիտական զարգացման և արժանապատիվ վարձատրության մեխանիզմները։

Անդրադառնալով 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներին, նախարարը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ շուտով պատասխան կտա նաև առողջապահական ապահովագրության համակարգը, իսկ համապատասխան տվյալները լրացուցիչ կներկայացվեն։

Leave a Comment