21 հունվարի 2026 – 16:25 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն, անդրադառնալով Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հանդեպ ճնումներին, ասել է, որ փաստեր ունեն, հայտնում է Aysor.am-ը:
«Ահազանգել ենք այդ մասին, երևույթը դատապատելի է, արդեն փաստեր ունենք, որ քահանաների նկատմամբ ճնշումներ են կիրառվում տարբեր անձանց, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցների, կողմից»,- նշել է Տեր Եսային։
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ իրեն մոտեցել են, փորձել են ճնշումների միջոցով ստիպել, որ միանա նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին։
Տեր Հայրը, սակայն, ասել է. «Մենք եկեղեցական կարգն ենք պահում, անձեր չենք պահում։ Ասել ենք՝ մեր նշանակումը եկեղեցական կարգով է եղել ու փոփոխություն կարող է լինել միայն եկեղեցական կարգով»։
Մասյացոտնի թեմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։
«Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: