Հինգ քայլ «Իմ քայլ»-ին հեռացնելու ճանապարհին․ «Մեր ձևով» շարժման տնտեսական և սոցիալական օրակարգը

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանրությանը ներկայացրեց այն տնտեսական և սոցիալական ծրագիրը, որոնցով պատրաստվում է առաջնորդվել Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժը։ Ծրագիրը, ըստ հայտնի և փորձառու տնտեսագետների, հավակնոտ է, սակայն, միաժամանակ, իրատեսական և հաշվարկված։
Ծրագրի առանցքային ուղղություններից առաջինը արդյունաբերության զարգացումն է, որի միջոցով նախատեսվում է Հայաստանում ստեղծել շուրջ 300 հազար նոր աշխատատեղ։ Օրվա իշխանության համար այս նպատակադրումը կարող է ֆանտաստիկայի ժանրին դասվել, քանի որ անցած ութ տարիների ընթացքում Հայաստանում արդյունաբերական ոլորտում կատարված ներդրումները մեծ մասամբ պայմանավորված է հենց Սամվել Կարապետյանի մասնավոր միջոցներով։ Մինչդեռ պետության երկարաժամկետ, կայուն զարգացումը հնարավոր է միայն իրական տնտեսության՝ մասնավորապես արդյունաբերության ամրապնդման միջոցով, այլ ոչ թե ծառայությունների արհեստական աճով։

Ծրագրի երկրորդ քայլը փոքր բիզնեսի համար, իսկապես, հեղափոխական նշանակություն ունի․ խոսքը փոքր ձեռնարկատիրությանը հարկային բեռից ազատելու մասին է։ Քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելու և տնտեսությունը վարչարարական ճնշումներով կառավարելու քաղաքականություն վարած իշխանությունների համար այս մոտեցումը, բնականաբար, կարող է անհասկանալի թվալ։ Սակայն սոցիալական արդյունավետ քաղաքականությունը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը և առողջ բիզնես միջավայրի ձևավորումը պետք է լինեն պետության առաջնահերթությունները, այլ ոչ թե արտաքին պարտքի ավելացման հաշվին պետական համակարգում միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը։
Տնտեսական ծրագրի հաջորդ առանցքային բաղադրիչը վերաբերում է գյուղատնտեսությանը։ «Մեր ձևով» շարժումը առաջարկում է լուծել գյուղացիական տնտեսությունների ամենացավոտ խնդիրներից մեկը՝ երաշխավորված մթերման համակարգի ներդրման միջոցով։ Սա կարող է դառնալ անկախ Հայաստանի պատմության մեջ գյուղի և գյուղատնտեսության զարգացման որակապես նոր փուլ։ Տարիներ շարունակ տարբեր կառավարություններ խուսափել են գյուղաբնակ քաղաքացիների տնտեսական ակտիվությանն իրական աջակցություն ցուցաբերելուց, ինչի հետևանքով այսօր ունենք մարզերի, հատկապես՝ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական ծանր և լճացած պատկեր։
Տնտեսական օրակարգին զուգահեռ՝ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց նաև երկու խոշոր սոցիալական նախաձեռնություն։

Առաջինը վերաբերում է դեղերի գների էական նվազեցմանը։ Պետությունը, կիրառելով Վրաստանի և մի շարք այլ երկրների փորձը, կարող է օգտագործել համապատասխան գործիքակազմեր՝ դեղորայքը դարձնելով հասանելի լայն շերտերի համար։ Գաղտնիք չէ, որ սոցիալապես ծանր պայմաններում ապրող հազարավոր քաղաքացիների համար դեղերի ձեռքբերումը լուրջ խնդիր է, իսկ դրա համակարգային լուծումը կարող է էականորեն բարելավել ինչպես սոցիալական պաշտպանվածությունը, այնպես էլ հանրային առողջապահության ընդհանուր վիճակը։
Երկրորդ սոցիալական առաջնահերթությունը վերաբերում է բնակարանների ձեռքբերման մատչելիությանը։ Այս հարցը անմիջական ազդեցություն ունի երիտասարդ ընտանիքների ձևավորման, ծնելիության աճի և ժողովրդագրական քաղաքականության վրա։ Չնայած անցած տարիներին պետությունը տարբեր ծրագրեր է իրականացրել, դրանք հիմնականում կրել են լոկալ բնույթ կամ հասանելի են եղել սահմանափակ շրջանակների համար։ Սամվել Կարապետյանի թիմը հայտարարում է, որ իշխանություն ձևավորելու դեպքում երիտասարդ և բազմազավակ ընտանիքների համար նախատեսում է կառուցել շուրջ 20 հազար նոր բնակարան և դրանք տրամադրել մատչելի պայմաններով։ Սա ծրագրի միայն առաջին փուլն է, որը հետագայում նախատեսվում է դարձնել կառավարության երկարաժամկետ ռազմավարության մաս՝ նոր չափանիշներ սահմանելով հաջորդ հնգամյակների համար։

Այսպիսով, «Մեր ձևով» շարժումը ներկայացնում է հինգ հստակ քայլ, որոնք միտված են գործող իշխանությանն համապետական ընտրությունների միջոցով հեռացնելուն և ուժեղ, տնտեսապես ինքնաբավ ու սոցիալապես արդար Հայաստան կերտելուն։ Թե ինչպես կարձագանքի հանրությունը Սամվել Կարապետյանի առաջարկած օրակարգին, պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն ակնհայտ է մեկ բան․ գործող իշխանությունը շարունակում է հասարակությանը ներկայացնել խոստումներ, որոնց կենսունակությունը վերջին ութ տարիների ընթացքում բազմիցս ձախողվել է։

—00—ՄԱ

Leave a Comment