Վաղարշապատում ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 10 անձ արդեն ներգրավված էր։
Ըստ Օհանջանյանի՝ 13 անձինք մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։
Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններում առավելագույն ձայներն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ էին արձանագրել։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 28-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը, ավելի ուշ նրան և Քոչարյանին ձերբակալել էին։
