Բարձրացվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հավելումները․ նոր նախագիծ

Iravaban.netը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման ընթացակարգերը պարզեցնել և համապատասխանեցնել 2020-2023 թվականների մարտական գործողություններից հետո ձևավորված մարտական դիրքերի պայմաններին։։

Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

Պետական սահմանից (շփման գծից) առաջ մարտական խնդրի (մարտական խնդրի կատարումն ապահովող միջոցառումների) իրականացում (1.2-րդ ծածկագիր)

Որտեղ կիրականացվի ծառայությունը (երկրորդ սյունակ)

         Նոր խմբագրությամբ նշվում է․

  • «Հատուկ խնդիրներ կատարող (հատուկ նշանակության, հատուկ գործողությունների, հետախուզական, ռազմական ոստիկանության հատուկ գումարտակ) զորամասերում (ստորաբաժանումներում, պաշտոններում) ծառայություն իրականացնելու համար»
  • Հավելումների չափ (երրորդ սյունակ)
  • Հատուկ նշանակության ստորաբաժանումների համար՝ 250 000 դրամ
  • Հատուկ գործողությունների ստորաբաժանումների համար՝ 150 000 դրամ
  • Հետախուզական ստորաբաժանումների և ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի համար՝ 100 000 դրամ
  • Հավելումների հաշվարկման պայմաններ (չորրորդ սյունակ)

Հատուկ խնդիրներ իրականացնող զորամասերի ցանկը հաստատվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Հավելումը տրամադրվում է նաև այն ծառայողներին, որոնք զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթ ունեցող պաշտոններ և ատեստավորման արդյունքում ստացել են համապատասխան գնահատական:

Սպայական, ենթասպայական և շարքային կազմ (2.1-ին ծածկագիր)

  • Հավելումների չափ (երրորդ սյունակ)
  • Սպայական կազմի պայմանագրային զինծառայողներին՝ 200 000 դրամ
  • Ունկերասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին՝ 170 000 դրամ
  • 2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո ձևավորված նոր մարտական դիրքերում մարտական հերթապահության համար՝ հավելավճար +60 000 դրամ
  • Հավելումների հաշվարկման պայման (չորրորդ սյունակ)
    2020-2023 թվականների ընթացքում ձևավորված նոր մարտական դիրքերում հերթապահության համար նախատեսված հավելումը կիրառելու իրավունք տվող մարտական դիրքերի ցանկը հաստատվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորմամբ և 2020թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահության ընդգրկվող զինծառայողների հավելումների հաշվարկման գործակիցները պարզեցնելու և կարգավորման գործընթացը հեշտացնելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները օգտվում են ՀՀ կառավարության 2014 և 2019 թվականների որոշումների հավելվածների տարբեր չափերի և հաշվարկման պայմաններով նախատեսված հավելումներից: Նախագիծը միտված է ծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնմանը և դրամական ապահովության բարձրացմանը՝ որպես ծառայողական պարտականությունների կատարման խթան։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարձրացնել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը՝ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումները համապատասխանեցնելով ծառայողական խնդրի կարևորությանը և ծանրաբեռնվածությանը:

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության  կողմից։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման արդյունքում կանխատեսվում է տարեկան լրացուցիչ 5,3 մլրդ դրամ ծախս, որը կիրականացվի 2026թ. պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի պահանջների արդյունավետ ապահովման հետ՝ ընդգծելով անձնակազմի համալրման, պրոֆեսիոնալ բանակի անցման և ծառայության գրավչության բարձրացման խնդիրների լուծումը։

Ակնկալվող ազդեցությունը

  • Զինծառայողների սոցիալական արտոնությունների և հավելումների տրամադրման գործընթացի պարզեցում
  • Ծառայության գրավչության բարձրացում հատուկ նշանակության ստորաբաժանումներում
  • Մարտական դիրքերում ծառայության հաշվառման և հավելումների հաշվարկման արդյունավետության բարելավում

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment