21 հունվարի 2026 – 12:17 AMT
PanARMENIAN.Net – Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One ինքնաթիռը, որն ուղևորվում էր Դավոս, ստիպված է եղել շրջադարձ կատարել և վերադառնալ ԱՄՆ Andrews ռազմական բազա՝ էլեկտրոնային համակարգի «փոքր» խափանման պատճառով:
Այդ մասին հայտնել է Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը: Ռազմակայանում վայրէջքից հետո Թրամփը և նրան ուղեկցող անձինք կտեղափոխվեն այլ ինքնաթիռ և կշարունակեն թռիչքը Դավոս, հայտնում է Deutsche Welle-ն:
Թրամփի ելույթը Դավոսում նախատեսված է հունվարի 21-ին 14:30 և լինելու է Գրենլանդիայի շուրջ:
Ելույթից հետո ԱՄՆ նախագահը մտադիր է հանդիպումներ ու բանակցություններ ունենալ մի շարք պետությունների և կառավարության ղեկավարների հետ՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Այս տարի ամերիկյան պատվիրակությունը համաժողովում անսովոր մեծ է նախորդ տարիների համեմատ:
Շվեյցարիայի Դավոս են մեկնել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։ Հայաստանը ներկայացնում է նախագահ Վահագն Խաչատուրյանը: