Ըստ Թադեւոս Ավետիսյանի, հեղուկ գազը թանկացել է պետական վատ կառավարման հետեւանքով, եւ ամենամեծ սխալը հենց գերիշխող դիրք ունեցողներին չանհանգստացնելն է. «Հրապարակ»

Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ հենց ադրբեջանական էժան բենզինը ներմուծեցինք, Ռուսաստանից բերվող հեղուկ գազը թանկացավ, ի՞նչ կապ կա այս երկուսի միջեւ: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում են. «Գները փոխկապակցված չեն, այլ առկա է խնդիր, որը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ որ մենք հեղուկ գազ ներմուծում ենք Իրանից ու Ռուսաստանից: Բայց Իրանում, հայտնի հանգամանքներով պայմանավորված, առաջացել են ներմուծման հետ կապված պրոբլեմներ, իսկ Ռուսաստանի հետ խնդիրը հիմնականում Վերին Լարսի հետ է կապված: Խնդիրները հիմնականում հնարավոր կլինի լուծել, երբ արդեն կկարողանանք Ադրբեջանի տարածքով ռուսական հեղուկ գազը երկաթուղու միջոցով ներմուծել Հայաստան»: Ո՞ր մարմինն է վերահսկում հեղուկ գազի գինը: Նախարարությունից պատասխանում են. «Հեղուկ գազի գնի հետ կապված՝ նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում»: Խորհուրդ են տալիս դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այնտեղից էլ, ինչպես միշտ, պատասխանում են, որ մեզ սխալ են ուղղորդել. «Եթե տվյալ շուկայում չկա գերիշխող դիրք ունեցող ընկերություն, գինը չենք կարող նայել»: Հասկանալի չէ, թե այս դեպքում ինչու է ՄՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանը առհասարակ խոսում խնդրի մասին կառավարության նիստի ժամանակ՝ ասելով, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասում է, որ գերիշխող դիրք ունեցողներ, անկասկած, կան, պարզապես իշխանությունը չի ուզում ուսումնասիրել այդ հարցը: «Կան այդտեղ գերիշխող դիրք ունեցողներ, ուղղակի իրենք չեն ուզում տեսնել, որ գործիք չկիրառեն նրանց նկատմամբ: Ես չգիտեմ՝ ովքեր են, բայց ակնհայտ է, որ եթե մի բան 100 կամ 150 դրամով է վաճառվում, ու մեկ էլ միասին կարողանում են պայմանավորվել ու գինը կրկնապատկել, սա նշանակում է, որ այդ ոլորտում ունենք գերիշխող դիրք: Հակառակ դեպքում, մրցակցային իրավիճակում սա չէր կարող տեղի ունենալ»: Ըստ Թադեւոս Ավետիսյանի, գազը թանկացել է պետական վատ կառավարման հետեւանքով, եւ ամենամեծ սխալը հենց գերիշխող դիրք ունեցողներին չանհանգստացնելն է: Ըստ նրա, պետական մարմինները պետք է օբյեկտիվ նայեն, թե թանկացման մեջ որ մասն է, որ մրցակցային դիրքը խախտելու եւ գերշահույթ ստանալու հետեւանք է եւ որը՝ օբյեկտիվ պատճառների:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment