«Ոչ դատավորների» թիվը դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել ու ընդունել է Դատական օրենսգրքում առաջարկվող  փոփոխությունները, որոնցով նախատեսվում է փոխել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը։ Գործադիրն առաջարկում է մեծացնել  կառույցի «ոչ դատավոր» անդամների թիվը։ Սա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի դատական համակարգի առողջացմանը, մասնավորապես՝ կնվազեն «կորպորատիվիզմի» դրսևորումները, երբ դատավորները խուսափում են իրենց գործընկերներների էթիկան դարձնել քննարկման առարկա կամ վարույթ հարուցել։

Գործադիրը դժգոհ է դատավորների էթիկայի և կարգապահական հարցերը քննող հանձնաժողովի աշխատանքից։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասվածը հիմնավորող թվերով է եկել խորհրդարան։

«2024-ին հանձնաժողով է ներկայացվել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով և Բարձրագույն դատական խորհրդի միջնորդությանը ներկայացվել միայն 2 գործով։ Նույնպիսի իրավիճակ է նաև 2023 -ին»։

Արդարադատության ոլորտի պատասխանատուները միջազգային գործընկերների օգնությամբ հասկացել են, որ խնդիրը հանձնաժողովում դատավոր և ոչ դատավոր անդամների համամասնության մեջ է։ Գործող կարգավորումներով կառույցի 8 անդամներից 6-ը դատավորներ են, 2-ը՝ ոչ դատավորներ։ Սա, Տիգրան Դադունցի ձևակերպմամբ, հանգեցնում է այսպես կոչված «կորպորատիվիզմի» դրսևորումների․ դատավորները հաճախ չեն ուզում իրենց գործընկեր-ընկերներին վատ իրավիճակի մեջ դնել, կարգապահական պատասխանատվության ենթարկել։

«Շատ բնական և շատ օբյեկտիվ է, որ այդ հանձնաժողովի որոշումների արդյունքները, այսինքն՝ միջնորդություն ներկայացնելու փոքր թիվը, պայմանավորված է նաև նրանով, որ հանձնաժողովում, այո՛, գերակշռում են դատավոր անդամները։ Կան միջազգային ստանդարտներ, որ նման հանձնաժողովներում պետք է դատավորների թիվը որոշակիորեն գերակայի, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ անդամների թիվը գերակայի այնքան, որքան ունենք մեր գործող օրենսդրությամբ»։

Գործադիրն առաջարկում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների թիվն ավելացնել 3-ով և  կառույցում ունենալ գիտական համայնքի 5 ներկայացուցիչ։ Սա նաև միջազգային չափանիշն է՝ ասում է արդարադատության փոխնախարարը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունը խնդիրը չի լուծում։  

«Էլի դատավորների թիվը շատ է լինում։ Էստեղ էլ ո՞նց եք պատրաստվում խուսափել էդ նույն կորպորատիվիզմի դրսևորումներից»։

Պատգամավորի մատնանշած խնդիրը լուծելու համար կփոխվի նաև քվորումի և որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ձայների շեմը՝ ասում է Տիգրան Դադունցը։ Մասնավորապես, վարույթի հարուցման առաջին փուլում, երբ անհրաժեշտ է քննություն սկսել, ապա որոշել՝ դիմե՞լ ԲԴԽ, թե՞ ոչ, գործադիրն առաջարկում է քվորումը սահմանել հանձնաժողովի առնվազն 7 անդամի կազմով և վարույթ հարուցելու որոշումն ընդունել առնվազն 4 ձայնով․

«Սկզբնական փուլում, հաղորդումը ստանալու դեպքում, ուղղակի, կարելի է դրա ընդունումը մերժել և վարույթ չհարուցել։ Հիմա սրանով էական առաջընթաց է լինելու, որովհետև 4 անդամի կազմով՝ ոչ դատավոր անդամների կազմով հնարավոր է լինելու վարույթ սկսել և գոնե մտնել, ըստ էության, քննության մեջ՝ տեսնելու դատավորի հնարավոր վարքագծում խախտում կա՞, թե՞ ոչ»։

Հանձնաժողովի նոր՝ ոչ դատավոր անդամները կընտրվեն մրցույթային բաց ընթացակարգով։ Բոլոր թեկնածուները կանցնեն բարեվարքության ստուգում ու կներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովին։ Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասկածներ ունենա թեկնածուներին առնչվող այս կամ այն հարցի վերաբերյալ, վերջիններս կներկայացնեն նաև իրավիճակային հայտարարագրեր՝ մանրամասնում է Տիգրան Դադունցը։

«Նաև որոշակի սահմանափակումներ ենք մտցնում այդ անդամների գործունեության հետ կապված, որպեսզի բացառենք շահերի բախման իրավիճակները։ Մասնավորապես, առաջարկել ենք սահմանափակել այդ ոչ դատավոր անդամների պաշտոնավարման ժամանակահատվածում դատական ներկայացուցչության, այսինքն՝ փաստաբանական գործունեություն իրականացնելը։ Դրա խախտումը լիազորություններ դադարեցնելու հիմք է հանդիսանալու»։

Բայց սա չի նշանակում, որ հանձնաժողովի ոչ դատավոր անդամները գիտական աշխատանքով չեն կարող զբաղվել՝ ասում է Դադունցը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի մշակման փուլում հեղինակները դիմել են նաև Վենետիկի հանձնաժողով՝ մասնագիտական կարծիք ստանալու խնդրանքով։ Վերջինս նույնպես նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ նման հանձնաժողովներում դատավորների թիվն անհամեմատ մեծ է, արդյունավետ քննություն չի կարող ապահովվել․

«Ինչո՞ւ է կարևոր այս նախագիծը։ Դատական իշխանության առողջացման կարևորության մասին մենք խոսել ենք երկար, և ըստ էության դրա հիմնական գործիքը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելն է, և անհրաժեշտության դեպքում, երբ կա խախտում, այդ վարույթներով որոշում կայացնելը և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելն է»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ըստ միջազգային լավագույն փորձի՝ դատական համակարգի առողջացման ցուցիչ է կարգապահական վարույթների նվազումը։

«Մենք պետք է հնարավորինս այնպիսի համակարգ ստեղծենք, որ քաղաքացիները պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելուց ավելի պաշտպանված լինեն։ Հակառակ դեպքում, հարգելի գործընկերներ, մշտապես ունենալու ենք այս նույն իրավիճակը։ Եվ ձեզ ասեմ, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը ընդհանրապես միջազգային պրակտիկայում պետք է դիտարկվի, որպես շատ հազվադեպ երևույթ»։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Սակայն կառավարության ներկայացուցչի խոսքով՝ մինչև երկրորդ ընթերցում մի քանի փոփոխությունների անհրաժեշտություն կլինի։ Մասնավորապես, դատավորները, որոնք նախկինում պաշտոնավարել են և համարվում են նախկին դատավոր, ևս կարող են դառնալ հանձնաժողովի անդամ, ինչը պակաս ռիսկային չէ։ Եթե դատավորներ ու նախկին դատավորների համայնքը գերակշռի, դարձյալ «կորպորատիվիզմի» հիմքեր կստեղծվեն։ Նախագծի հեղինակները խոստանում են առանձին կարգավորմամբ լուծել նաև այս խնդիրը։

Leave a Comment