Ուեյն Ռունին ասել է, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին ասել է, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի։

Ռունին այժմ որպես փորձագետ աշխատում է BBC-ի Match of the Day հաղորդման շրջանակներում։ Էթերներից մեկի նախապատրաստման ընթացքում «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը դիմել է նկարահանող խմբին՝ խնդրելով տեխնիկական ականջակալը տեղափոխել աջ ականջին։

«Կարո՞ղ ենք օգտագործել այս ականջը։ Խնդիրն այն է, որ ես խուլ եմ ձախ ականջով։ Այդ պատճառով, երբ ձայնը շատ բարձր է, ես դժվարանում եմ լսել, թե ինչ է ասում Քելի Քեյթսը»,- ասել է Ռունին YouTube-ում հրապարակված տեսանյութում։

40-ամյա Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2004–2017 թվականներին։ Նա դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Եվրոպայի լիգայի գավաթակիր։ Նա խաղացել է նաև «Էվերթոնում», «Դի Սի Յունայթեդում» և «Դերբի Քաունթիում»։

Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 120 խաղում Ռունին խփել է 53 գոլ և երկար ժամանակ համարվում էր թիմի պատմության լավագույն ռմբարկուն, մինչև 2023 թվականին նրան գերազանցեց Հարի Քեյնը։ Կարիերան ավարտելուց հետո Ռունին անցել է մարզչական աշխատանքի։

Leave a Comment