Իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որևէ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչն իր զորքը մյուս երկրից չի հանում․ այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հիմա կասեն օգոստոսի 8-ին ստորագրվեց մի պատմական համաձայնագիր, որով վերջ է դրվում Հայաստանի շուրջ 30 տարվա շրջափակմանը։ Իսկ այս հունվարի 14-ին այդ շրջափակմանը վերջ դնելու մանրամասները քննարկվեցին։ Խոսքը TRIPP-ի մասին է։ Հայաստանն Ադրբեջանին տալիս է մուլտիմոդալ անցում, իսկ Հայաստա՞նն ինչ է ստանում, սրանով ինչպե՞ս է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Ո՛չ այս թղթի մեջ, ո՛չ օգոստոսի 8-ի թղթի մեջ որևէ ակնարկ չկա, որ Ադրբեջանը ՀՀ-ին տրամադրում է անխոչընդոտ անցում։ Ինչ-որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը»,- ասաց նա։