20 հունվարի 2026 – 16:46 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ լեռնադահուկորդի շուրջ սկանդալի ֆոնին, գրում է «Ազատությունը»:
Տեսաուղերձում Սարգսյանը ընդգծել է, որ առանց պետական աջակցության դահուկային սպորտը չի կարող կայանալ՝ նշելով նաև, որ գուցե իր անձն է պատճառներից մեկը, որի հետևանքով պետական կառույցները չեն ցանկացել նպաստել ոլորտի զարգացմանը։
Ֆեդերացիայի նախագահն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։ Դրան հաջորդել էր ԿԳՄՍ նախարարության և ֆեդերացիայի նախագահի նամակագրությունը: Գերատեսչությունից պարզաբանում էին պահանջել՝ ինչո՞ւ է մարզիկը փակել մարզահագուստի վրա Ադրբեջանի գովազդը, ֆեդերացիայի նախագահի պատասխանն էլ կարճ էր՝ քայլն առավել քան պարզ է և պարզաբանման կարիք չունի։
Դեպքից մոտ մեկ շաբաթ անց նախարար Ժաննա Անդրեասյանը արձագանքել էր՝ շեշտելով, որ սպորտը պետք է զերծ մնա նման դրսևորումներից։
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է, որ մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին», – նշել էր նախարարը։
Վերջին ժամանակահատվածում Գագիկ Սարգսյանը հրապարակայնորեն քննադատել է ԿԳՄՍ նախարարությանը՝ պնդելով, թե դահուկային սպորտը շարունակաբար անտեսվել է պետության կողմից կողմից։