Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հստակ դիրքորոշում է հայտնել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ` այսպիսով վերջ դնելով շրջանառվող խոսակցություններին։
AS պարբերականի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը հայտարարել է, որ ներկայումս իրեն լիովին բավարարում է իր կարգավիճակը, և նա մտադիր չէ փոփոխություններ կատարել։
«Ես կյանքիս այն փուլում եմ, երբ ինձ լիովին գոհացնում է իմ դրությունը։ Ես չեմ ցանկանում լինել որևէ այլ վայրում։ Ինձ չի հուզում, երբ լսում եմ, թե իբր «Ռեալը» հետաքրքրված է ինձանով։ Դա ընդամենը մեդիա շահարկում է։
Այս պահին ես կասեի «ոչ», թեև չեմ կարող ասել «երբեք»։ Չեմ կարծում, որ կփոխեմ կարծիքս, բայց չգիտեմ։ Խորհուրդ կտայի մարզչին հեռացնելիս հստակ պատկերացում ունենալ, թե ով է լինելու նրա իրավահաջորդը, և լինել իրատես», — նշել է Կլոպը
Հիշեցնենք, որ «Ռեալում» վերջերս մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Ակումբը պաշտոնանկ է արել Խաբի Ալոնսոյին, որը թիմը գլխավորում էր 2025 թվականի ամառվանից։ Նրա պաշտոնը ստանձնել է մադրիդցիների մեկ այլ նախկին խաղացող՝ Ալվարո Արբելոան։