Տարածաշրջանային երկրների տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ մրցավազքը կպահպանվի նաեւ 2026-ին. ԱՀԾ

Տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով, նշված է Հայաստանի արտաքին հետախուզության զեկույցում՝ շեշտվելով, որ 2025 թվականին շարունակվել է գլոբալ և տարածաշրջանային երկրների մրցավազքը տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ։

Զեկույցը նշում է, որ գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։   

Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»,- ասված է ԱՀԾ զեկույցում։

Ըստ Արտաքին հետախուզության ծառայության դիտարկումների՝ «տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, «TRIPP ուղի» ծրագրի իրագործումը, ինչպես նաև մեր հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները  կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում»։

Զեկույցում նշված է, որ սրանք կարող են համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։

«Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռնի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը»։   

ԱՀԾ գնահատականով՝ տարածաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան մեծ հավանականությամբ կպահպանվի այս տարի եւս։

«Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում  վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»,- նշված է զեկույցում։

Leave a Comment