Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին․ PWL

Հնդկաստանում անցկացվող ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի (PWL) շրջանակներում ելույթ են ունենում նաև հայ մարզիկներ։ Երկար դադարից հետո՝ 2026 թվականի հունվարին վերաբացված մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարներն ընդգրկվել են տեղական տարբեր ակումբների կազմերում։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) տպավորիչ հաղթանակով է նշանավորել իր մասնակցությունը։ Մումբայը ներկայացնող «Maharashtra Kesari» թիմի կազմում հայ ըմբիշը ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Ռահիմզադեի հետ։ Լարված պայքարում Թևանյանին հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Գոտեմարտը ավարտվել է 5-2 հաշվով։ Հայ մարզիկը վճռորոշ միավորները վաստակել և հաղթանակը կորզել է գոտեմարտի վերջնամասում։

Իսկ ահա 2024 թվականի Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, որը հանդես է գալիս «UP Dominators» թիմի կազմում (74 կգ), չի կարողացել հաղթահարել տանտերերի դիմադրությունը։ Հնդիկ ըմբիշ Չանդերմոհանի հետ գոտեմարտում Անդրեասյանը պարտվել է 5։12 հաշվով։

Pro Wrestling League-ը (PWL) Ասիայի ամենահեղինակավոր և դիտարժան պրոֆեսիոնալ լիգաներից է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Մրցաշարը մոտ 7 տարի չէր անցկացվել։ Վերջին անգամ անցկացվել էր 2019 թ-ին։

Leave a Comment