Արևելագիտությունը Հայաստանում՝ գիտություն, կրթություն և միջազգային երկխոսություն. «Դպրություն»

Արևելագիտությունը միայն անցյալի ուսումնասիրություն չէ։ Այն ժամանակակից աշխարհի ընկալման, միջազգային գործընթացների ըմբռնման և մշակութային երկխոսության կարևոր հիմքերից է։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ծավալած գործունեությունը բազմաբնույթ է և ուղղված է ինչպես գիտական, այնպես էլ կրթական ու հասարակական կարևոր խնդիրների լուծմանը։

Ինստիտուտը զբաղվում է Արևելքի երկրների պատմության, լեզուների, մշակույթի, քաղաքականության և միջազգային հարաբերությունների խորքային ուսումնասիրությամբ՝ նպաստելով տարածաշրջանային և գլոբալ գործընթացների գիտական վերլուծությանը։

Այս գործունեությունը կարևոր նշանակություն ունի հատկապես Հայաստանի համար՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու Արևելքի երկրների հետ պատմական և ժամանակակից կապերը։

Ինստիտուտի գործունեության կարևոր ուղղություններից է մարզային բուհերի զարգացումը։ Այս համատեքստում իրականացվում են համատեղ կրթական ծրագրեր, դասախոսությունների շարք, վերապատրաստումներ և գիտաժողովներ մարզերում գործող համալսարանների և կրթական կենտրոնների հետ։

Այդ նախաձեռնությունները նպաստում են գիտական ներուժի համաչափ զարգացմանը, երիտասարդ գիտնականների ներգրավմանը և կրթության որակի բարձրացմանը մայրաքաղաքից դուրս գտնվող բուհերում։   

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը  նշում է, որ ինստիտուտը շուրջ 100 անուն գիտական գրականություն է նվիրաբերել հետևյալ բուհերին՝ Շիրակի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ Նույնքան գրականություն տրամադրվել է նաև Կաճառ գիտական կենտրոնին, որը երկար տարիներ գործել է Շուշիում, իսկ այժմ՝ Երևանում։

Միջազգային համագործակցությունները ևս առանցքային դեր ունեն ինստիտուտի գործունեության մեջ։ Արևելագիտության ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ հետազոտություններ, գիտական փոխանակումներ, համաժողովներ և հրատարակչական ծրագրեր։

Այս համագործակցությունները հնարավորություն են տալիս հայկական արևելագիտությանը ինտեգրվել միջազգային գիտական հարթակներին և փոխանակել փորձ ու գիտելիք։

Leave a Comment