«Նոայի» մրցակից «ԱԶ Ալկմարը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Հոլանդական «ԱԶ Ալկմարը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մարտեն Մարտենսի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Կողմերի բաժանման պատճառը ներքին առաջնությունում գրանցած անբավարար արդյունքներն են։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի ղեկը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կստանձնի Լերոյ Էխտելդը, ով մինչ այդ գլխավորում էր ակումբի երիտասարդական կազմը:

Ակումբի ֆուտբոլային հարցերով տնօրեն Մաքս Հյուբերտսը մեկնաբանել է որոշումը.

«Սա շատ բարդ որոշում էր։ Մենք բոլորս համոզված ենք, որ այս կազմն ավելի մեծ ներուժ ունի, քան մենք տեսնում ենք վերջին շրջանում։ Մենք բազմիցս վերլուծել ենք իրավիճակը, սակայն, ցավոք, կայունություն և առաջընթաց չենք նկատում։ Մարտենը պրոֆեսիոնալ է և հրաշալի անձնավորություն, շնորհակալ ենք նրան կատարած աշխատանքի համար»։

Մարտենսը, ով 2024 թվականի հունվարին էր նշանակվել գլխավոր մարզիչ, իր հերթին նշել է.

«Իհարկե, ես հիասթափված եմ, բայց հպարտությամբ եմ հիշում անցած երկու տարիները։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատել ենք մաքսիմալ արդյունքի հասնելու համար։ Հաջողություն եմ մաղթում ֆուտբոլիստներին և երկրպագուներին»։

Նախորդ մրցաշրջանում Մարտենսի գլխավորությամբ ակումբը հասել էր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ զիջել էր մրցաշարի ապագա հաղթող «Տոտենհեմին», ինչպես նաև դուրս էր եկել երկրի գավաթի եզրափակիչ։

Թիմի նորանշանակ մարզիչը՝ 57-ամյա Լերոյ Էխտելդը, նախկինում աշխատել է ՊՍԺ-ի և «Զվոլեի» համակարգերում, ինչպես նաև եղել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբում։

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փուլի շրջանակներում հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին և 26-ին են։

Leave a Comment