Լուվրի թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտի ընթացքում անվտանգության աշխատակիցները նկատել են գողերի ներթափանցումը, սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկել։
Այս մասին վկայում են France 2 հեռուստաալիքի հրապարակած կադրերը։
Տեսագրություններում երևում է, թե ինչպես են սև համազգեստով անվտանգության մի քանի աշխատակիցներ նկատում առաջին կասկածյալին, որը պատուհանից մտնում է թանգարան և անցնում սրահներով։ Քիչ անց նրա հետևից ներս է մտնում երկրորդ տղամարդը՝ մոտոցիկլետի սաղավարտով և ձեռքին կտրող սարք։ Երկուսն էլ առանց խոչընդոտի շարժվում են դեպի զարդերի ցուցափեղկերն ու սկսում բացել դրանք՝ անտեսելով հսկիչների ներկայությունը։