ՃԵԿ խախտման դեպքում օտարերկրացին կարող է տուգանքը վճարել սահմանին կամ վերադարձի ժամանակ հնարավորություն կունենա մուտք գործել ՀՀ տարածք միայն տուգանքը մարելուց հետո

Հունվարի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել, այդ թվում նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Այն ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նախագծի համաձայն՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան կծանուցվեն, եւ նա տուգանքը կկարողանա վճարել սահմանին: Եթե օտարերկրացին արդեն դուրս եկած կլինի ՀՀ տարածքից, ապա վերադարձի ժամանակ հնարավորություն կունենա մուտք գործել ՀՀ տարածք միայն տուգանքը մարելուց հետո: «Տվյալ պարտավորությունը չմարելու դեպքում կկիրառվի մեկ տարվա մուտքի արգելք»,- ընդգծել է փոխնախարարը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Արմեն Ղազարյանը նաեւ ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» ու կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է տեխնիկական միջոցների ներդրմամբ ամբողջությամբ թվայնացնել օտարերկրացիներին տրամադրվող բոլոր կացության կարգավիճակների՝ ժամանակավոր եւ մշտական տրամադրման գործընթացը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Փոփոխվել է նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը՝ այն սահմանելով 2026 թվականի նոյեմբերի 1-ը:

Leave a Comment