Ի՞նչ պաշտոն է պատրաստում Մարոկկոյի հավաքականը Ինիեստայի համար

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան (FRMF) հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ Ինիեստան ընդգրկված է ֆեդերացիայի ծրագրերում, սակայն նրա կոնկրետ պաշտոնը դեռևս հստակեցված չէ։

2024 թվականին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ինիեստան սկսել է հաճախել մարզչական դասընթացների։ Ավելի վաղ ֆուտբոլիստը բազմիցս հայտնել էր մարզչական կարիերա սկսելու իր ցանկության մասին։

41-ամյա Ինիեստան Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը (2008 և 2012 թվականներին):

Հիշեցնենք, որ 2030 թվականի Աշխարհի առաջնությունը անցկացվելու է Մարոկկոյում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Մեկական խաղ էլ կընդունեն Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը:

Leave a Comment