ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է հաստատել «Գազայի հատվածի խաղաղության խորհրդի» մանդատը և ամբողջական կանոնադրությունը Դավոսում հունվարի 22-ին կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն՝ Թրամփը պնդում է, որ հրավիրված երկրները հինգշաբթի օրը ստորագրեն փաստաթուղթը՝ նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկելու համար։ Կանոնադրության նախագծի համաձայն՝ Թրամփը կդառնա այդ մարմնի առաջին նախագահը և անձամբ կորոշի նոր անդամներ հրավիրելու հարցը։ Մշտական անդամակցություն ստանալու համար ԱՄՆ վարչակազմը պահանջում է, որ պետություններն առաջին տարվա ընթացքում ներդրեն առնվազն 1 միլիարդ դոլար։
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս ֆինանսական պահանջը շատ համաշխարհային առաջնորդների անակնկալի է բերել և սուր քննադատության արժանացել։ Խորհուրդը սկզբնապես ստեղծվել էր Գազայի հատվածի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն կանոնադրության տեքստը մատնանշում է նախաձեռնության ավելի լայն, ավելի գլոբալ հավակնություններ, որոնք կարող են դառնալ ՄԱԿ-ի այլընտրանք։ Հրավիրված որոշ կողմեր մտահոգություն են հայտնել, որ Թրամփը՝ որպես նախագահ, միանձնյա վերահսկողություն կունենա նոր կառույցի միջոցների նկատմամբ։
Խորհրդի գործադիր կոմիտեի կազմում արդեն իսկ ընդգրկված են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին»։ Նա հավելել է, որ առաջարկության մանրամասները ուսումնասիրվում են։ Հրավերներ են ուղարկվել նաև Եգիպտոսի, Հնդկաստանի, Կանադայի և Թուրքիայի առաջնորդներին։