
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում Թուրքիան կամ Կատարը չպետք է ունենան ռազմական ներկայություն։
«Գազայի հատվածում թուրք կամ կատարցի զինվորներ չեն լինի։ Միացյալ Նահանգներում մեր ընկերների հետ քննարկում ենք [Գազայի կառավարման] խորհրդի կազմը», — Քնեսեթում ունեցած ելույթում ասել է Նեթանյահուն։
«Գտնվում ենք [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի] երկրորդ փուլի շեմին, և սա նշանակում է մեկ բան՝ ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, իսկ Գազան՝ կապառազմականացվի», — հավելել է նա։ Վարչապետի խոսքերը մեջբերել է Ynet պորտալը։
Հունվարի 17-ին Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ և «հակասում է նրա քաղաքականությանը»։ Գրասենյակը հավելել էր, որ Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին «այս հարցը քննարկել» ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայի հատվածում հրադադար հաստատվեց։ Համաձայնագրի երկրորդ փուլը նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում անկլավից, միջազգային կայունացման ուժերի տեղակայում և Գազայի հատվածը կառավարող կառույցների, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» աշխատանքների մեկնարկ։