Կառավարությունը վերանայում է արտերկրում սովորողների տարկետման պայմանները

Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ազգային Ժողովում քննարկվում է օրենսդրական նոր նախաձեռնություն, որով վերանայվում է բարձրագույն կրթություն ստանալու համար տրամադրվող տարկետման կարգը։ Այդպիսով փորձ է արվում կանխելու մտավոր ներուժի արտահոսքը։ Կառավարության տվյալներով՝ գործող կարգն անարդյունավետ է, քանի որ արտերկրի հեղինակավոր բուհերում սովորողների ճնշող մեծամասնությունը ուսումն ավարտելուց հետո չի վերադառնում հայրենիք և չի համալրում երկրի գիտական ու տնտեսական ռեսուրսը։ Պատգամավորների դիտարկմամբ՝ տարկետման հնարավորությունը հաճախ օգտագործվում է որպես զինվորական ծառայությունից խուսափելու միջոց։ Իսկ դրա արդյունքում պետությունը կորցնում է թե՛ զինվորին, թե՛ մասնագետին։

57 քաղաքացուց միայն 4-ն է զբաղվում գիտական գործունեությամբ․ սրանք պաշտոնական թվեր են տարկետման գործող համակարգից։ Ստացվում է՝ տարկետում ստացած և ուսման համար արտերկիր մեկնած քաղաքացիների գիտելիքն ու հմտությունը չեն վերադառնում Հայաստան և չեն ծառայում երկրի տնտեսական ու հանրային զարգացմանը։ Այս խնդրով պայմանավորված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նախագիծը խորհրդարանում ներկայացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Տարկետումը մեր իրականության մեջ նոր չէ։ Դեռ 2018 թվականից ներդված հատուկ կարգի համաձայն տարկետում են ստանում այն ՀՀ քաղաքացիները, որոնք ուսում են ստանում Շանհայի վարկանիշավորման առաջին հիսուն բուհերից որևէ մեկում։

Խորհրդարանում քննարկվող օրենսդրական  նախագիծը, ըստ նախարարի, հերթական քայլն է մարդկային կապիտալի զարգացման և այդ կապիտալը երկրի տնտեսական և հանրային զարգացմանը ծառայեցնելու ուղղությամբ․

«Ուսումնասիրելով պատճառները առաջարկվել է օրենսդրական այս փոփոխությունը, որով տարկետում ստացած և իրենց ուսումնառությունն այս բուհերում իրականացնող քաղաքացինրը հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո, առնվազն, 3 տարի ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանում աշխատելու համար և դրանից հետո կարող են ազատվել զինվորական պարտադիր ծառայությունից»։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը նկատում է՝ դեռ 2019 թվականից է խոսվում, որ բանակում ծառայում են հիմնականում սոցիալապես անապահովները։

Պատգամավորն ասում է, որ տարկետման արդյունավետությունը չափող վիճակագրությանը ծանոթանալու համար տարիներ շարունակ դիմել է ոլորտը կարգավորող գերատեսչություն, սակայն, այսպիսի պատասխան է ստացել․

 «2019 թվականի հարցմանը կրթության և գիտության նախարարը պատասխանել էր, որ նման հաշվառում նախարարությունը չի վարում։ Այսինքն՝ մենք տալիս ենք չծառայելու հնարավորությունը, 4 տարով նրանց տալով տարկետում և որևէ կերպ հաշվառում չենք վարում՝ նրանք Հայաստան վերադառնու՞մ են, թե ոչ։ Նման հարցում արել եմ նաև 2023 թվականին։ Ինչպես նախարարը նշեց՝ հայաստանյան բուհերում սովորում են մեծամասամբ աղջիկներ՝ մոտ 57 տոկոս։ Իսկ արտերկիր գործուղումների դեպքում ուղիղ հակառակն է։ 2004-ից 2023 թվականների ընթացքում օտարերկրյա բուհեր գործուղվել են 2365 տղա և 1191 աղջիկ ուսանողներ»։

Ըստ պատգամավորի, այս թվերը խոսում են այն մասին, որ արական սեռի ներկայացուցիչները հիմնականում տարկետում են ստանում բանակից ազատվելու համար։ Սարգսյանը նկատում է, որ 4 տարվա տարկետման ընթացքում քաղաքացիներից շատերը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք են ձեռք բերում․ օրինակ՝ երկու երեխա են ունենում կամ գիտական աստիճան ստանում և այլն։

Արդյո՞ք ուսման նպատակով տարկետում ստանալը զինծառայությունից խուսափելու ևս մեկ միջոց է․ ՔՊ խմբակցության անդամ էդուարդ Աղաջանյանի այս հարցին ԿԳՄՍ նախարարի պատասխանը համեմված է թվերով։

«57 քաղաքացիների շրջանում մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից ընդամենը 1-ն է ծառայել վերադարձից հետո, 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12 քաղաքացի հետախուզման մեջ է, իսկ 40 քաղաքացի որևէ այլ հիմքով ուղղակի չի ծառայել։ Սա նշանակում է, որ իրականում մենք ունենք համակարգ, որը չի աշխատում»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծում է՝ օրենսդրական այս կարգավորմամբ վերանայում են գործող համակարգերն ու դրանք փորձում դարձնել ավելի նպատակային։

Իսկ որքանո՞վ է պետության առաջարկն ընդունելի քաղաքացու համար։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը մեջբերում է միջազգային փորձը․

«Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ոչ միայն նման ձևով խրախուսի, այլ նաև ֆինանսական աջակցություն տրամադրի։ Ինչպես շատ երկրներում արվում է։ Ժամանակին Ռուսաստանում և Ղազախստանում կար։ Բոլորիս շահերից է բխում՝ խրախուսենք, որ երիտասարդները գնան և սովորեն»:

Ըստ Խաչատրյանի հայաստանյան բուհերում 4-ից 1-ն է արական սեռի։ Պատգամավորին հետաքրքրում է՝ արդյո՞ք այս հարցը մտահոգում է նախարարությանը։

«Ընդհանրապես որևէ քայլ ձեռնարկելու՞ եք տղաների համար բարձրագույն կրթությունն ավելի գրավիչ դարձնելու համար»։

Բուհական համակարգում սեռերի համամասնության մասին հարցին պատասխանելիս նախարարն ընդգծում է, որ այս խնդիրը միայն Հայաստանում չէ։ Սա նշանակում է, որ պետք է ունենալ ուսումը խրախուսելու առանձին ծրագրեր։

Նմանատիպ ծրագրերի ու նախագծերի անհրաժեշտությունը հիմնավորելու համար Լոնդոնում ուսում ստացած ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կիսվում իր անձնական փորձով․

«Որովհետև այդպես է՝ մարդ գնում է Անգլիա, սովորեց, համալսարանն ավարտեց։ Մանավանդ, եթե այնտեղ ասպիրանտուրա է ընդունվում կամ ինչ-որ կերպ բանակից ազատվում է, այնտեղ է իր կյանքը պատկերացնում և այդպես գնում է առաջ։ Եվ արդյունքում մենք ի՞նչ ենք ունենում ունենում ենք մի իրավիճակ, երբ մեր երկիրը ունի մասնագետների կարիք, չի ունենում այս մասնագետներին։»

«Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը նկատում է, որ պետական համակարգին անհրաժեշտ որակյալ կադրերի լրացման համար անհրաժեշտ հատվածը բաց է կառավարության ներկայացրած նախագծում։

«Անկեղծ ասած, երբ մենք այս նախագիծը կարևորում ենք, որպես մարդկային ռեսուրսի և հատկապես որակյալ ռեսուրսի օգտագործման տեսանկյունից, բայց շատ ցանկալի պետք է լիներ, որ սահմանված ոլորտներն ավելի բաց լինեին, պետական կառավարման համակարգը նշված լիներ, քանի որ իմ շփումներից եմ կարծում, որ պետական համակարգը բարձրորակ մասնագետների խիստ կարիք ուներ»։

Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ առաջարկվող նախագծով ոչ մի նոր խմբի արտոնություն չի տրվում, լուծում են արդեն իսկ տարկետում ունեցող քաղաքացիների հետագա գործունեության նպատակային կազմակերպման խնդիրները։

Leave a Comment