Համալիրի տնօրենը՝ Արցախի օրհներգը չհնչեցնելու մասին․ Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ

Համալիրի տնօրենը՝ Արցախի օրհներգը չհնչեցնելու մասին․ Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ

19 հունվարի 2026 – 17:34 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մենք կանք» մշակութային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Արցախին, չի հնչել Արցախի Հանրապետության օրհներգը, քանի որ դրա հնչեցման պարագայում համերգը կդադարեցվեր։

Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարզաբանել է, որ համալիրում կայացող բոլոր միջոցառումները կազմակերպվում են պետականության շրջանակում, հայտնում է «Փաստինֆոն»:

«Ընդհանրապես մեր մոտեցումն այն է, որ ամեն ինչ, ինչը մեզ մոտ արվում է, արվի մեր պետականության շրջանակներում։ Դրա համար կլինի եկեղեցու հետ կապված, այլ բաների հետ կապված՝ կան որոշակի ուղղվածություններ, այդքան բան։ Ոչ մի արգելք, ոչ մի այլ բան չի եղել, մարդիկ նորմալ համերգ են արել, Արցախի դրոշ էլ է եղել, ամեն բան էլ եղել է: Երբ պետությունը չկա, բայց ասում են՝ պետական օրհներգ լինի, այդ պատճառով իրենք չեն կարող հայտարարել այն որպես պետական օրհներգ»,– նշել է նա։

Հստակեցնող հարցին, թե արդյոք պայմանագրում նման կետ ընդգրկվել է վերջերս, Ղազարյանը պատասխանել է, որ նմանատիպ համերգ առաջին անգամ է անցկացվել, սակայն եթե հետագայում կազմակերպվեն միջոցառումներ ոչ միայն Արցախի, այլ նաև այլ երկրների հետ առնչվող, այդ կետը նույնպես կընդգրկվի պայմանագրերում։

«Բոլոր այն պայմանագրերում, որտեղ նման բաներ կան, իհարկե, պարզ համերգների ժամանակ չէ, նման պայմանագրերում որոշակի արգելքներ լինում են։ Քանի՞ անգամ է նման համերգ եղել։ Նման համերգ առաջին անգամ է լինում։ Այս կետը, իհարկե, լինելու է պայմանագրերում՝ անկախ նրանից՝ կապված է Արցախի հետ, թե ոչ, այլ երկրի հետ էլ կապված լինի, էլի կլինի»,– նշել է Ղազարյանը։

Անդրադառնալով այն հնարավորությանը, որ միջոցառման ընթացքում օրհներգը հնչի հակառակ պայմանավորվածությանը, նա ասել է, որ նման դեպքում սահմանված տուգանքներ չկան, սակայն միջոցառումն անմիջապես կդադարեցվի։

Leave a Comment