Երևանի «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոյի նշանակման մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի։ Նախկինում նա գլխավորել է շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբները։
Դիոնիսիոն աշխատել է նաև որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգոյում» և «Բահիայում», մեքսիկական «Լեոնում», ինչպես նաև էկվադորական «Ինդեպենդյենտեում»։ Կարիերայի սկզբում նա որպես ֆիզպատրաստության մարզիչ աշխատել է պորտուգալական այնպիսի առաջատար ակումբներում, ինչպիսիք են «Բրագան», «Սպորտինգը» և «Պորտուն»։
Նորանշանակ մարզչի շտաբում ընդգրկվել են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։