Ինչպե՞ս կապահովվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությունը դատական նիստերին․ նոր կարգավորումներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Գործող իրավիճակը և դրա մարտահրավերները

  • Ներկայում գործող Հոդված 265ով արտագնա դատական նիստ անցկացնելու հնարավորությունը սահմանափակված է՝ միայն այն դեպքերում, երբ բոլոր մեղադրյալները զինծառայող են, կամ եթե նրանք ազատությունից զրկվելու հետ կապված պատիժ են կրում։ Նիստը հնարավոր է անցկացնել զորամասում կամ քրեակատարողական հիմնարկում։ Այս կարգավորումը հաշվի չի առնում այն դեպքերը, երբ անձի հոգեկան առողջության վիճակով անհնար է մասնակցել նիստին։
  • Հոդված 422-ը կարգավորում է բժշկական հարկադրանքի վարույթը, սակայն չի սահմանում ժամկետային պարտականություններ և չի լուծում այն խնդիրը, երբ անձի ներկայությունը դատարանում անհնար է՝ նրա առողջական առանձնահատկություններից ելնելով։

      Այս սահմանափակումների պատճառով կարող են առաջանալ դեպքեր, երբ

  • Անձը չի կարող մասնակցել դատական նիստին, բայց հարցը՝ անվտանգության միջոցների կիրառման կամ երկարաձգման, պետք է քննարկվի անմիջապես։
  • Դատարանը չի ստանում անհրաժեշտ տեղեկատվությունը անձի ընթացիկ հոգեկան վիճակի մասին, ինչը կարող է խախտել արդար դատաքննության, մրցակցության և «զենքերի հավասարության» սկզբունքները։
  • Արդյունքում անձի իրավունքները և հասարակության անվտանգությունը կարող են վտանգվել՝ ժամանակին չկայացված որոշումների հետևանքով։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  • Եվրոպական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել են, որ հոգեկան հիվանդություն ունեցող անձի մասնակցությունը դատավարությանը հիմնարար երաշխիք է՝ ապահովելու համար արդար դատաքննության իրավունքները, մրցակցության սկզբունքը և «զենքերի հավասարությունը»։
  • Փաստացի որոշ դեպքերում անձը, չնայած անհրաժեշտությանը, չի կարողանում մասնակցել նիստերին, ինչի արդյունքում դատարանը բավարար տեղեկատվություն չի ստանում նրա ընթացիկ հոգեկան վիճակի մասին։
  • Այս հանգամանքն առաջացրել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն՝ ապահովելու համար արտագնա դատական նիստերի անցկացումը հոգեբուժական կազմակերպություններում և բժշկական հարկադրանքի վարույթի քննարկումն անվտանգության միջոցների կիրառմամբ սեղմ ժամկետներում։
  • Բացի դա, առաջարկվող փոփոխությունները սահմանում են, որ բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքերի ի հայտ գալուց հետո նույնիսկ նախաքննության կամ դատաքննության փուլում, անհրաժեշտ գործողություններ պետք է ձեռնարկվեն անհապաղ, առավելագույնը 24 ժամվա ընթացքում։ Սա լուծում է ներկայիս խնդիրը, երբ վարույթն իրականցնող մարմինը հետաձգում է որոշումների կայացումը, ինչը կարող է վտանգել անձի և հանրության անվտանգությունը։

 Առաջարկվող փոփոխությունները

  • Հոդված 265-ում լրացում՝ արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք՝ «անձի հոգեկան առողջության վիճակով անհնար է նիստին մասնակցությունը», և սահմանվում է, որ նման նիստը կարող է անցկացվել հոգեբուժական կազմակերպությունում։
  • Հոդված 422-ում փոփոխություն՝ ժամկետային պարտավորություն բժշկական հարկադրանքի վարույթի սկսման համար՝ «անհապաղ, առավելագույնը 24 ժամում», ինչպես նաև մեխանիզմ՝ ապահովելու համար անվտանգության միջոցի կիրառումը և անձի իրավունքների պաշտպանության պատշաճության վերահսկումը։

Նախագծի մշակման գործընթացը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

Ֆինանսական ազդեցություն

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

Այլ իրավական ակտերի հետ փոխկապակցվածություն

Նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը» և ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման պահանջներից՝ ապահովելու համար քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի մոնիթորինգ և գործնականում ծագող խնդիրների լուծում։

Ակնկալվող ազդեցությունը

  • Արտագնա դատական նիստերի անցկացում հոգեբուժական կազմակերպություններում, ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը։
  • Օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպել և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկել սեղմ ժամկետներում։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը:

Leave a Comment