19 հունվարի 2026 – 12:25 AMT
PanARMENIAN.Net – ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ստեղծման 34-ամյակի առիթով հղած ուղերձում ամփոփել է անցած տարիներն ու ներկայացրել ապագայի նպատակները։
Նա նշել է, որ ՀՀ-ն ձգտում է հյուրընկալել խոշոր ֆուտբոլային մրցաշարեր:
«Այս տարիներին հայկական ֆուտբոլն անցել է զարգացման բարդ ուղի։ Այսօր մենք գտնվում ենք կարևոր շրջափուլում, երբ ձևավորվում են ոչ միայն ներկայի, այլև ապագա հաջողությունների հիմքերը։ Զարգացման նոր ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունները և միջազգային համագործակցություններն ուղղված են մեկ նպատակին՝ հայկական ֆուտբոլի կայուն առաջընթացին։
Հատկապես կարևոր է ընդգծել, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական նվաճման է հասել՝ առաջին անգամ ապահովելով մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։ Սա մեր ֆուտբոլային ընտանիքի համար մեծ հպարտության և հավատքի աղբյուր է։
Միաժամանակ, մենք վստահ քայլերով շարժվում ենք նաև միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ։ Հայաստանը և Վրաստանը համատեղ պայքարում են մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը մեր երկրներում անցկացնելու համար, ինչը նոր հնարավորություն է մեր երիտասարդների, ենթակառուցվածքների և ամբողջ ֆուտբոլային համակարգի զարգացման համար։
34 տարին պարտավորեցնող թիվ է։ Դա պատմություն է, փորձ և պատասխանատվություն՝ ապագայի հանդեպ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 34-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին և գործընկերներին։ Միասին մենք շարունակելու ենք կառուցել հայկական ֆուտբոլի կայուն և մրցունակ ապագան»,-ասվում է ուղերձում: