Իրանի իշխանությունները հայտնել են բողոքների ժամանակ 5000 զոհի մասին

Իրանի իշխանությունները հայտնել են բողոքների ժամանակ 5000 զոհի մասին

19 հունվարի 2026 – 11:22 AMT

PanARMENIAN.NetԻրանի իշխանությունները հայտարարել են, որ բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 5000 մարդ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ սպանվածների մեջ մոտ 500-ը ուժային կառույցների աշխատակիցներ են:

Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինյալ ապստամբների» վրա, գրում է Deutsche Welle-ն:

Իշխանության ներկայացուցչի պնդմամբ՝ ամենադաժան բախումները և մահերի առավել մեծ թիվը գրանցվել են երկրի հյուսիս-արևմուտքում՝ քրդական շրջաններում: Նա նաև նշել է, որ ցույցերի մասնակիցներին աջակցություն է ցուցաբերել և մատակարարել է «Իսրայելը և արտերկրի զինված խմբերը»: Նրա խոսքերով՝ զոհերի վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, մեծապես չի աճի:

Նշվում է, որ Իրանի ղեկավարությունը կանոնավոր կերպով պատասխանատվությունը բարդում է արտերկրի ուժերի վրա:

Մասշտաբային բողոքի ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբերի վերջում: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները ներկայացնում են այլ գնահատականներ: ԱՄՆ-ում հիմնված HRANA կազմակերպությունը օրեր առաջ հայտնել է 3308 զոհերի մասին՝ նշելով, որ 4382 մահվան դեպքեր դեռ գտնվում են ստուգման փուլում: HRANA-ի տվյալներով՝ հաստատվել է ավելի քան 24 հազար ձերբակալություն:

Նորվեգիայում հիմնված քրդա‑իրանական մարդու իրավունքների պաշտպանության խումբը՝ Hengaw, նույնպես հայտնել է, որ ամենաթեժ բախումները տեղի են ունեցել հենց Իրանի քրդական շրջաններում:

Leave a Comment