17 հունվարի 2026 – 13:40 AMT
PanARMENIAN.Net – Կանադայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին զգուշացրել է, որ պետք է խուսափեն Իրանի տարածք մուտք գործելուց՝ պայմանավորված երկրում շարունակվող համաժողովրդական բողոքի ակցիաներով, տարածաշրջանային լարված մթնոլորտով, կամայական ձերբակալությունների բարձր հավանականությամբ և տեղական օրենսդրության անկայուն կիրառմամբ։
Միաժամանակ, այն քաղաքացիներին, ովքեր արդեն գտնվում են Իրանում, կոչ է արվել անհապաղ լքել երկիրը՝ Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմանները օգտագործելով, հայտնում է 1lurer.am-ը:
«Կանադական անձնագիր ունեցողներին Թուրքիա մուտք գործելու համար վիզա չի պահանջվում: Սակայն նրանք պետք է վիզա ստանան Հայաստան ժամանելուն պես»,– հիշեցրել են Կանադայի արտգործնախարարությունից։
Նույն աղբյուրից նաև ընդգծել են, որ Իրանում հյուպատոսական ծառայությունների մատուցման հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Reuters‑ը՝ իրանցի պաշտոնյայի վրա հղումով: Նրա տվյալներով՝ ինչպես ցուցարարների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակցների մահվան համար պատասխանատուները այն անձինք են, ում նա բնութագրել է որպես ահաբեկիչներ: Սակայն պաշտոնյան չի հստակեցրել, թե զոհերի թվում որքան են քաղաքացիականները, որքան ուժայինների անդամները։