Մերց. ԱՄՆ սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ մի քանի երկրների, այդ թվում՝ Գերմանիայի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ, պարունակում են իրավիճակի սրման և տրանսատլանտյան հարաբերությունների խաթարման ռիսկ։ Այս մասին X-ում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Մենք վճռականորեն և միասնականորեն աջակցում ենք Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ մենք հանձնառու ենք Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը։ Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և պարունակում են սրման ռիսկ», – նշել է կառավարության ղեկավարը։

Մերցը, ըստ էության, կրկնել է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի համատեղ հայտարարության մի մասը, որը հրապարակվել է կիրակի օրը։ Դրանում համապատասխան երկրները համերաշխություն են հայտնել Դանիայի և Գրենլանդիայի ժողովրդի հետ և կոչ են արել երկխոսության, բայց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսի 10% ներմուծման մաքսատուրքեր գանձել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ, մինչև կողմերը համաձայնության չգան Գրենլանդիայի «լիակատար և ամբողջական ձեռքբերման» վերաբերյալ Վաշինգտոնի կողմից։

Leave a Comment