Ոստիկանների կատարողականը կգնահատվի ամեն տարի. նոր օրենքի նախագիծ

Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի տարեկան գնահատման համակարգ՝ փոխկապակցված ատեստավորման հետ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի արդյունքներով ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավումից հետո էապես կարևորվում է ոստիկանության ծառայողների գործունեության որակի և արդյունավետության պարբերական մշտադիտարկումը և դրա հիման վրա գնահատման ուրույն համակարգի ներդրումը։

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության մեջ էապես կարևորվում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Կառավարությունն այդ ուղղությամբ, որպես կարևոր գործիք, առանձնացրել է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը՝ նախանշելով ոստիկանության ծառայողի ատեստավորման և կատարողականի գնահատման ինստիտուտների միջև կապը։

Սկզբունքային է կատարողականի գնահատման արդար, թափանցիկ և անկողմնակալ գործընթացի ներդրումը, ինչպես նաև՝ կատարողականի հստակ, օբյեկտիվ ցուցիչների սահմանումը։ Կատարողականի գնահատման՝ ոստիկանական ծառայության առաքելությանը և նպատակներին համահունչ ցուցիչները պետք է հետևողականորեն կիրառվեն բոլոր ծառայողների համար, իսկ առաջխաղացման և պարգևատրումների վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն արժանիքների օբյեկտիվ գնահատման վրա։

Առկա խնդիրը

Գործող օրենսդրական կարգավորումների տրամաբանությունն այնպիսին է, որ նշված նպատակին ծառայող գործիքը ներկայումս ոստիկանության ծառայողների ատեստավորումն է, որն իրականացվում է երեք տարին մեկ անգամ։ Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողների պարտադիր վերապատրաստումներն իրականացվում են ամեն տարի՝ նախկինում սահմանված 5 տարվա փոխարեն։ Այս ամենի համադրության արդյունքում ակնհայտ է դառնում ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության գնահատման նոր՝ ատեստավորման և կատարողականի փոխկապակցվածության վրա հիմնված մոտեցման ներդրման անհրաժեշտությունը։

Առաջարկվող կարգավորումը

Նախագծով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը, որը պետք է իրականացվի ամեն տարի, ՀՀ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ և չափելի ցուցիչների հիման վրա։

Օրենքը լրացվում է նոր՝ 14.2-րդ հոդվածով՝ «Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը», որով սահմանվում է՝

Կատարողականի գնահատումը ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որն իրականացնում է ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը։

Կատարողականի ընդհանուր գնահատականը յուրաքանչյուր տարի կազմված է՝

  • գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից (կատարողականի ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը),
  • ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից,
  • վերապատրաստման արդյունքներից։

Կատարողականի ընդհանուր գնահատականը հիմք է՝

  • ոստիկանության ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու,
  • խրախուսման կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար,
  • ատեստավորման եզրակացություններ կայացնելիս՝ հաշվի առնելով ատեստավորմանը նախորդած 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը։

Բողոքարկման իրավունք՝ Կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը կարող է այն բողոքարկել Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվող հանձնաժողովին։

Ատեստավորման և վերապատրաստման փոփոխությունները

Նախագծով նաև փոփոխվում է ատեստավորման կարգը՝ ատեստավորման ենթակա դարձնելով ոստիկանության բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի), գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին։

Վերապատրաստման անհատական ծրագրերը կազմվելու (փոփոխվելու) են ոստիկանության ծառայողի տարեկան կատարողականի գնահատման վրա հիմնված՝ վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա։

Անցումային դրույթները

Նախագծով սահմանվում են անցումային դրույթներ ատեստավորման և կատարողականի գնահատման փոխկապակցվածության մեկնարկը սահուն կերպով իրագործելու նպատակով։

Ոստիկանության այն ծառայողների ատեստավորման դեպքում, որոնք չեն ունենա ատեստավորմանը նախորդող 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանական՝ մինչև նշված պայմանի բավարարումը հիմք կընդունվի ատեստավորմանը նախորդած ժամանակահատվածի կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը, բայց ոչ պակաս, քան առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականը։

Առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաև՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անց է կացվում Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության և որակի գնահատման առավել օբյեկտիվ և գործուն համակարգ, որը՝

մի կողմից՝ ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մոնիթորինգ՝ արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը,

մյուս կողմից՝ թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը։

Դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միևնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական և պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա։

Այլ իրավական ակտերի անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա՝ ընդունելու Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանող՝ ՀՀ ՆԳ նախարարի հրաման։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 44-րդ կետի 2-րդ ենթակետից, 52-րդ կետից, ինչպես նաև՝ նույն որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 2-րդ ուղղության 3.1-ին կետից։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment