Պետական մարմինները կկարողանան ընդունել շարժական գույքի նվիրատվություն առանց կառավարության որոշման. նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է պետական կառավարման մարմիններին հնարավորություն տալ ընդունել շարժական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն առանց կառավարության որոշման։

Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Գործող որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N ԿԱ/310-2025 արձանագրության 4.1-ին կետի պահանջներով։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները հնարավորություն են տալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ իրենց սեփականությունը հանդիսացող շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնել պետությանը, որի արդյունքում նվերն ընդունվում և համապատասխան մարմնին է փոխանցվում ՀՀ կառավարության որոշման հիման վրա, սակայն գործող օրենսդրությամբ առկա չէ կարգավորում, որով հստակեցված լինի, թե այդ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ հանձնվող շարժական գույքը պետական որ մարմնի կողմից կարող է ընդունվել և ինչ ընթացակարգով։

Գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ նվիրատվության առարկան հանդիսացող շարժական գույքը ցածրարժեք է կամ նվիրողը այն սեփականությամբ անհատույց հանձնում է կոնկրետ պետական մարմնին ամրացնելու պայմանով։ Նման դեպքերում գործընթացի իրականացումը բացառապես կառավարության որոշմամբ ստեղծում է լրացուցիչ և անհարկի վարչարարություն, բարդացնում է ընթացակարգը և ավելացնում է կառավարության ընդունվող որոշումների քանակը։

Կարգավորման նպատակը և բնույթը

Վերոհիշյալ խնդիրները լուծելու նպատակով նախագծով նախատեսվում է լրացնել և փոփոխել գործող իրավական ակտը՝ սահմանելով, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող շարժական գույքի (բացառությամբ տրանսպորտային միջոցի) նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունումը և հաշվեկշռում հաշվառումը կարող է իրականացվել նաև պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի ղեկավարի իրավական ակտով։

Պետական գույքի կառավարման բնագավառում վերահսկողությունն ու միասնական քաղաքականությունն ապահովելու նպատակով՝ նախագծով նախատեսվում է, որ այդ իրավական ակտերը պիտի համաձայնեցվեն պետական գույքի կառավարման իրավասու մարմնի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, ինչպես նաև մարմինների կողմից պետք է կոմիտե ներկայացնվեն տարեկան հաշվետվություններ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունված շարժական գույքի վերաբերյալ։

Նախագծով սահմանվում է, որ իրավական ակտերը պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները՝

նվիրվող կամ նվիրաբերվող գույքի անվանումը, հասցեն (առկայության դեպքում), գույքագրման համարը, նույնականացման համարը (առկայության դեպքում), արտադրման (շահագործման հանձնելու) տարեթիվը, հաշվեկշռային (սկզբնական) արժեքը կամ անկախ գնահատողի կողմից տրամադրված շուկայական արժեքը, ֆիզիկական անձի անունը կամ իրավաբանական անձի անվանումը, որի կողմից նվիրվում կամ նվիրաբերվում է գույքը, նվիրատվության կամ նվիրաբերության նպատակը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարման ժամկետը, տեղափոխման և հաշվառման ծախսերը հոգացող մարմինի (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) անվանումը։

Տրանսպորտային միջոցների բացառությունը

Հաշվի առնելով պետական կառավարման մարմիններին սպասարկող տրանսպորտային միջոցների օպտիմալացման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացվող քաղաքականությունը՝ նախագծով տրանսպորտային միջոցների ընդունման գործընթացի համար սահմանվում է բացառություն, որի նպատակն է ապահովել ոլորտում ուղենիշային մոտեցումների պահպանումը և բացառել պետական տրանսպորտային պարկի չնախատեսված մեծացումը նվիրատվության կամ նվիրաբերության միջոցով։

Ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացման ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական մարմինների լիազորությունները նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքը ընդունելու գործընթացում, կկարգավորվեն և կհստակեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանցից պետության կողմից շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունները։

Գործընթացը կդառնա ավելի պարզ, արագ և արդյունավետ, կնվազեցվի վարչարարությունը և կկրճատվի կառավարության որոշումների անհրաժեշտությունը նման դեպքերում, կապահովվի պետական գույքի կառավարման միասնական և համակարգված մոտեցումը։

Նախագծի ընդունումը նպատակաուղղված է գործող իրավական հարաբերությունների բարելավմանը, վարչարարական գործընթացների օպտիմիզացմանը և պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment