Անհետաձգելի դեպքերում բժշկական կազմակերպություններին հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել կարճ պիտանիության ժամկետով դեղեր. նոր նախագիծ

Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է պետական կառավարման մարմիններին և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպություններին հնարավորություն տալ ձեռք բերել կարճ պիտանիության ժամկետով դեղեր՝ պացիենտների անհետաձգելի պահանջի բավարարման դեպքերում։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման մարմինների և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպությունների կողմից դեղերի ձեռք բերման անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությամբ, ինչպես նաև դեղերի ժամանակին և պատշաճ կերպով մատակարարման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված են դեղի պիտանիության ժամկետները՝ դեղը գնորդին հանձնելու պահին։

Ըստ այդմ՝

2,5 տարի և ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը պետք է ունենան առնվազն 24 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ, մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը՝ առնվազն 12 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ։

Միաժամանակ, հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունից կամ դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետից ելնելով՝ նախատեսված է ՀՀ առողջապահության, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների կողմից՝ դեղի մնացորդային պիտանիության ժամկետը սահմանելու հնարավորություն (բայց ոչ պակաս, քան 3 ամիս)՝ իրենց կարիքների համար ձեռք բերվող դեղերի համար։

Ելնելով պետական կառավարման մարմինների և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպությունների անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունից, կարող է առաջանալ ձեռք բերել պիտանիության կարճ ժամկետով դեղերի կարիք։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է պետական կառավարման մարմինների և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպությունների կողմից դեղերի ձեռքբերման գործընթացում պատվիրատուին ընձեռնել հնարավորություն, ելնելով պացիենտների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունից կամ դեղի սպառման համար նախատեսված ժամկետից, ընդունել դեղի մնացորդային կարճ պիտանիության ժամկետով դեղ։

Նախագծով կատարվող փոփոխությունները

ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման հավելվածում կատարվում են հետևյալ փոփոխությունները՝

2.1-ին և 2.2-րդ կետերում «միջազգային մասնագիտական կազմակերպության» բառերը փոխարինվում են «միջազգային մասնագիտական կազմակերպությունների» բառերով։ Սա պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի ««Դեղերի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություններ սահմանելու մասին» թիվ 172-Ա որոշմամբ իրականացված փոփոխություններով՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 172-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1328-Ա որոշման։

3-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ «առանձին դեպքերում, այն է՝ պացիենտների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը կամ դեղի սպառման համար նախատեսված պիտանիության կարճ ժամկետը, հանձնելու պահին դեղի մնացորդային պիտանիության ժամկետը սահմանվում է պատվիրատուի կողմից»։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ կապահովվի պետական կառավարման մարմինների և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպությունների անհետաձգելի պահանջի բավարարումը, կբարելավվի դեղերի ժամանակին և պատշաճ մատակարարումը։

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment