Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանում։
Նախագծի անհրաժեշտությունը
Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-412-Ն օրենքի ընդունմամբ, որով սահմանվել են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի ստորագրման և դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված նոր իրավական կարգավորումներ։
Կարգավորման առարկան և բնույթը
Նախագծով համապատասխան փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ՝ վերջինս դրույթներն օրենքով ամրագրված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։
Բացի այդ նախագծով հիշյալ որոշումը լրացվում է նոր N 2 հավելվածով, որով ներկայացվում է նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի հիշյալ կարգավորումներն ունեն գործողության կոնկրետ ժամանակահատված՝ կրում են պիլոտային բնույթ, նախագծով դեռևս սահմանվել է միայն անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձևը։
Էլեկտրոնային պայմանագրի հիմնական դրույթները
Նախագծով հաստատված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձևը ներառում է հետևյալ հիմնական տարրերը՝
Կողմերի տվյալներ՝ ֆիզիկական անձանց դեպքում անուն, ազգանուն, հաշվառման հասցե, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ։
Պայմանագրի առարկա՝ հողամաս, շենք, շինություն, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք՝ ընդհանուր մակերեսի և հասցեի նշումով։
Վաճառողի երաշխիքներ՝ սեփականատիրական իրավունքի, վաճառման սահմանափակումների բացակայության, անշարժ գույքի ծանրաբեռնված կամ չլինելու մասին։
Գնի չափ և վճարման կարգ՝ ՀՀ դրամով, ամբողջությամբ կամ սահմանված ժամկետում վճարման նշումով։
Անշարժ գույքի հանձնում՝ հանձնման ակտի կազմման ժամկետ կամ պայմանագիրը հաստատելու պահին հանձնված լինելու մասին նշում։
Էլեկտրոնային թվային ստորագրություններ՝ կողմերի կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով։
Համատեղ սեփականության հաստատում՝ պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակիցների բացակայության վերաբերյալ հաստատում։
Մոնիտորինգ և գնահատում
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պետք է իրականացնեն «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված պայմանագրերի ուսումնասիրություններ։
Մինչև 2027 թվականի մարտի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեն առաջարկություններ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ իրականացնել օրենքից բխող համապատասխան փոփոխություններ, այդ թվում առանձին հավելվածի տեսքով հաստատել՝ նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։