ՀՀ կառավարության որոշմամբ դատապարտյալներին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժիններում կկատարվեն փոփոխություններ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), ի թիվս այլ չափաբաժինների և դրանց օգտագործման ժամկետների, հաստատվել են հիգիենայի պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաները և դրանց օգտագործման ժամկետները:
Հարկ է նշել, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ է ուղարկվել շրջաբերական գրություն, որի համաձայն՝ հանձնարարվել է ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացնել դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակության գնահատման վերաբերյալ անանուն հարցում:
Վերը նշված հարցումների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից իրականացվել է վերլուծություն, որի հաշվառմամբ, նկատի ունենալով դատապարտյալի կարիքները՝ անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալների տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժիններում կատարել փոփոխություններ: Մասնավորապես.
- 40 գրամ ձեռքի օճառի փոխարեն շաբաթական տրամադրել 80 գրամ,
- 20 մլ լոգանքի գելի փոխարեն շաբաթական տրամադրել 30 մլ,
- 20 մլ շամպունի փոխարեն շաբաթական տրամադրել 30 մլ,
- 6 մլ ատամի մածուկի փոխարեն շաբաթական տրամադրել 15 մլ,
- ատամի խոզանակը հանել շաբաթական տրամադրվող հիգիենիկ փաթեթի լրակազմից և տրամադրել առանձին՝ տարին 4 հատ՝ նոր՝ ավելի բարձր որակի ատամի խոզանակ՝ երկարատև օգտագործման նպատակով, իսկ լվացիք փոշին տրամադրել ոչ թե ամսական կտրվածով, այլ յուրաքանչյուր 1 կգ լվացքի հաշվարկով՝ 40 գրամ չափաբաժնով,
- առաջարկվում է կանացի հիգիենայի միջոցները 10 հատի փոխարեն ամսական տրամադրել 20 հատ,
- առաջարկվում է տրամադրել նաև սպասք լվալու հեղուկ՝ ամսական 100 մլ, ինչպես նաև սանր՝ տղամարդու և կանացի, տարեկան՝ 2 հատ:
Առաջարկվում է նաև ավելացնել իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինները:
Կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները՝ հաշվի առնելով վերջիններիս կարիքները:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ դատապարտյալը կապահովվի անհրաժեշտ քանակությամբ հիգիենայի պարագաներով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի 627-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության երկրորդ ուղղությունից (Քրեակատարողական և պրոբացիայի պայմանների բարելավում):
«Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| Հիգիենիկ պարագաներ | ||||
| 1. | Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝ | հավաքածու | 1 | շաբաթական |
| 1.1 | Օճառ` ձեռքի | գրամ | 80 | շաբաթական |
| 1.2 | Լոգանքի գել | միլիլիտր | 30 | շաբաթական |
| 1.3 | Շամպուն | միլիլիտր | 30 | շաբաթական |
| 1.4 | Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի | հատ | 1 | շաբաթական |
| 1.5 | Սափրվելու մածուկ | միլիլիտր | 10 | շաբաթական |
| 1.6 | Ատամի մածուկ | միլիլիտր | 15 | շաբաթական |
| 1.7 | Զուգարանի թուղթ | հատ | 1 | շաբաթական |
| 2. | Ատամի խոզանակ | հատ | 4 | 1 տարի |
| 3. | Սանր տղամարդու | հատ | 2 | 1 տարի |
| 4. | Սանր կանացի | հատ | 2 | 1 տարի |
| 5. | Լվացքի փոշի | գրամ | 40 | 1 կգ լվացքի հաշվարկով |
| 6. | Կանացի հիգիենայի միջոցներ | հատ | 20 | ամսական |
| 7. | Սպասք լվալու հեղուկ | միլիլիտր | 100 |
ամսական |
«Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ | ||||
| 1. | Մանկական օճառ | գրամ | 200 | ամսական |
| 2. | Լվացքի փոշի | գրամ | 1000 | ամսական |
| 3. | Մանկական տակդիր | հատ | 6 | 1 օր |
| 4. | Մանկական կերակրաշիշ | հատ | 2 | 6 ամիս |
| 5. | Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ | Տուփ
/առնվազն 100հտ/ |
3 | ամսական |
| 6. | Ծծակ | հատ | 6 | 1 տարի |
| 7. | Մանկական տաշտ | հատ | 1 |
1 տարի |
- Սույն որոշմամբ նախատեսված ապրանքները տրամադրել նախորդ ձեռք բերված համապատասխան ապրանքների սպառումից հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: