Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք կպարգևատրվեն նաև մեդալով կամ կրծքանշանով

ՀՀ վարչապետի որոշմամբ ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կկատարվեն, որով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1․ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 11–րդ հոդվածի 2–րդ մասի 7–րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց։

Օրենքի 31–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգևատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ:

Հարկ է նշել, որ որպես խրախուսանքի միջոց Օրենքում սահմանվում է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրելու խրախուսանքի տեսակ, որը, սակայն բացակայում է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրմանը վերաբերվող կարգավորումներում։

Բացի վերը նշվածը Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրելու հնարավորություն նախատեսելու հիմնավորման և անհրաժեշտության հիմքում դրված են ոչ միայն վերը նշված հանգամանքը, այլ նաև մի շարք այլ էական և վճռորոշ հանգամանքներ։

Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը համատեղ ջանքեր պահանջող գործընթաց է, որը պետք է ներառի ինչպես ՀՀ պետական մարմինների, այնպես էլ օտարերկրյա պետությունների պետական մարմինների, վերջիններիս ղեկավարների, աշխատակիցների, ինչպես նաև յուրաքանչյուր ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի ակտիվ մասնակցություն և լայն ներգրավվածություն՝ այդ բարդ գործընթացում արդյունավետ արդյունքների հասնելու համար։ Ընդ որում՝ կոռուպցիայի դեմ պայքարը մեկանգամյա միջոցառում չէ, այլ շարունակական և բազմաչափ գործընթաց, որը պահանջում է բոլորի համատեղ ուժերը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արդար հասարակություն կառուցելու համար։

Նման պայմաններում հարկ է նկատել, որ Կոմիտեի առջև ծառացած խնդիրների լուծման, կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցանքների բացահայտման, Կոմիտեի գործունեության զարգացման ապահովման, ինչպես նաև Կոմիտեի իրավասությանը վերապահված այլ ոլորտներում ակտիվ օժանդակություն, աջակցություն կամ համագործակցություն ցուցաբերած, ծառայություններ մատուցած կամ այլ կերպ իրենց ավանդը ներդրած վերը նշված շրջանակի անձանց հետ համատեղ համագործակցության արդյունքները հավուր պատշաճի գնահատականի արժանացնելու, վերջիններիս անձնական շահագրգռվածությունը բարձրացնելու, նրանց առավել մոտիվացնելու, համագործակցության շարունակականությունն ապահովելու նպատակներից ելնելով էլ հենց պայմանավորվում է Կոմիտեի նախագահին՝ վերջիններիս նշված խրախուսանքի միջոցներով խրախուսելու հնարավորություն ընձեռելու կարգավորման անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ նման պրակտիկան հաջողված կերպով գործում է նաև քննչական մեկ այլ մարմնի՝ Քննչական կոմիտեի դեպքում՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի և վերջինիս համաձայն ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման» կարգի համաձայն։

Այսպիսով՝ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով։ Տվյալ փոփոխությունը պայմանավորված է Օրենքում կիրառվող եզրույթների միասնականությունն ապահովելու պայմանով, քանի որ ինքնին կիրառվող խրախուսանքի միջոցները նույնն են:

  1. 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի շրջանակներում օրենսդրական մակարդակում նախատեսվել են կարգավորումներ՝ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ նաև Կոմիտե) ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրում և օգտագործում) առնչությամբ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների և զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 45․3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:

Հարկ է նկատել, որ 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 724-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում)։

Հիշյալ  Որոշման շրջանակներում կարգավորվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելը, հատուկ միջոցները պահպանելը և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելը։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է նկատել, որ Օրենքով լիազորող նորմի բացակայության պայմաններում կարգավորված չեն Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերը։

Մինչդեռ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Որոշմամբ ամրագրված պահանջները և նախատեսված կարգավորումները դեռևս չեն կարող կենսագործվել, քանի որ դրանց անմիջական կիրառման հնարավորությունը տրամաբանական կապի մեջ է և մեծապես կախված է Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերի հետ։ Այլ կերպ՝ Կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները ուղղակիորեն կապակցված են Կոմիտեի ծառայողին դրանք հատկացնելու, դրանց պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերի կարգավորման հետ, առանց որոնց հնարավոր չէ առաջինների իրացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով։

Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

Leave a Comment