Հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է մուտքագրվել՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու վերաբերյալ։ Գործը մակագրվել է Արամ Գրիգորյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները։
Ս․Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կաշառքի միջնորդության պատրվակով պահանջել և ստացել է ընդհանուր 399.500 ՀՀ դրամ։
Այսպես.
2025 թվականի հունիսին, քննությամբ չպարզված հանգամանքներում Ս․Հ․-ը, ծանոթանալով Կ․Ա․-ի հետ, զրույցի ընթացքում նրանից տեղեկացել է, որ նա ցանկանում է առանց սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելու կազմակերպել որդուն՝ Ս․Ա․-ին, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու հարցը։
Վերոգրյալ պայմաններում, գումարային առավելություն ստանալու նպատակով, ի սկզբանե նպատակ չունենալով Ս․Ա․-ի կողմից վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն օգնելու համար դիմել որևէ պաշտոնատար անձի՝ Ս․Հ․-ը Կ․Ա․-ին վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400․000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին Կ․Ա․-ը համաձայնել է։
Այնուհետև, իր կողմից ներկայացված պատրվակը համոզիչ դարձնելու նպատակով Ս․Հ․-ը Կ․Ա․-ից պահանջել է հաղորդագրության միջոցով իրեն ուղարկել Ս․Ա․-ի անձնագրի և սոցիալական քարտի լուսանկարները։
Ստանալով անհրաժեշտ տեղեկությունները՝ Ս․Հ․-ը roadpolice.am համացանցային հարթակում լրացրել է Ս․Ա․-ի տվյալները և նրան հերթագրել է տեսական քննությունը հանձնելու համար։
Դրանից հետո, պահանջված գումարն իրեն փոխանցելու նպատակով տեսական քննության հանձնման օրը՝ 2025 թվականի հուլիսի 28-ին, Ս․Հ․-ը Կ․Ա․-ին է տրամադրել քրոջ՝ Տ․Հ․-ի անվամբ «X» ՓԲ ընկերությունում թողարկված քարտի տվյալները, որին Կ.Ա.-ը փոխանցել է 99․600 և 99․900 ՀՀ դրամ։
Տեղեկանալով Երևանի հաշվառման-քննական բաժնում Ս.Ա.-ի կողմից տեսական քննությունը չհանձնելու և բացասական գնահատական ստանալու մասին, շարունակելով հանցավոր մտադրության իրագործումը՝ Ս.Հ.-ը Կ.Ա.-ին վստահեցրել է, որ այդ հանգամանքը էական նշանակություն չունի և անհրաժեշտ է մասնակցել նաև գործնական քննությանը։
Այնուհետև, մոտ մեկ ամիս անց՝ քննության չպարզված կոնկրետ օրը, Ս.Հ.-ը Մասիսի հաշվառման-քննական բաժանմունքի դիմաց հանդիպելով Կ.Ա.-ին, իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով վերջինից կանխիկ եղանակով ստացել է ևս 200․000 ՀՀ դրամ և վստահեցրել, որ առանց գործնական քննությունը հանձնելու՝ Ս.Ա.-ին կտրամադրվի վարորդական իրավունքի վկայականը։
Արդյունքում՝ Ս.Հ.-ն ի սկզբանե նպատակ չունենալով Ս.Ա.-ի կողմից վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն օգնելու համար դիմել որևէ պաշտոնատար անձի և կաշառքի գումարը փոխանցել վերջինին, կաշառքի միջնորդության պատրվակով Կ.Ա.-ից ստացել է ընդհանուր՝ 399․500 ՀՀ դրամ և այն օգտագործել է անձնական կարիքների համար:
Ս․Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 440 հոդվածի 2-րդ մասի, որը սահմանում է կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։
Նախատեսվող պատիժը՝
- ազատության սահմանափակում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ
- կարճաժամկետ ազատազրում` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ մեկից չորս տարի ժամկետով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։