Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը։ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման, դրանց դեմ արդյունավետ պայքարի, ինչպես նաև տուժած անձանց պաշտպանության և վերականգնման ուղղությամբ պետական քաղաքականության համակարգված շարունակականությունն ապահովելու համար։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2023-2025 թվականների ազգային ծրագրի իրականացման ընթացքում ձեռնարկվել են մի շարք համակարգային քայլեր՝ ուղղված թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը։ Իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործվել են զոհերի նույնացման և աջակցության մեխանիզմները, ներդրվել են զոհերին տրամադրվող ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչներ։
Այնուհանդերձ, իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել են նաև մի շարք նոր մարտահրավերներ․
- առկա են կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների հասցեականության և ազդեցության ընդլայնման անհրաժեշտություն,
- միջազգային և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում պահանջվում է գործողությունների ավելի մեծ համակարգվածություն և տեղեկատվության փոխանակման արագություն,
- աշխատանքի շուկայի զարգացումները և առցանց հարթակների տարածումը նոր ռիսկեր են առաջացնում աշխատանքային շահագործման և կեղծ զբաղվածության ձևերի տարածման առումով,
- միգրացիոն ալիքների ինտենսիվությունն ու տեղաշարժերի դինամիկան նոր խոցելի խմբեր են ստեղծում, ինչը բարձրացնում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի վտանգը,
- զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունները դեռևս պահանջում են մասնագիտական կարողությունների և տարածքային հասանելիության խորացում։
Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Նախագծով նախատեսվում է հաստատել 2026-2028 թվականների ընթացքում իրականացվելիք համապարփակ գործողությունների փաթեթ, որը կուղղվի թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը, տուժածների նույնացման և աջակցության համակարգի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմինների և գործընկեր կառույցների կարողությունների ամրապնդմանը։
Ծրագիրը նախատեսում է․
- զարգացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության մեխանիզմները,
- ապահովել ոլորտային մասնագետների շարունակական վերապատրաստումների իրականացում և մասնագիտական կարողությունների զարգացում,
- ընդլայնել զոհերի համար մատչելի սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների շրջանակը,
- խթանել հանրային իրազեկման նոր մեթոդների կիրառումը՝ թիրախավորելով բարձր ռիսկային խմբերին,
- ամրապնդել միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ կանխարգելման և հետաքննության արդյունավետության բարձրացման նպատակով։
Ո՞րն է նախագծի նպատակը
Նախագծի նպատակն է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի պետական քաղաքականության շարունակականությունն ու կայուն զարգացումը՝ հիմնվելով մարդու իրավունքների պաշտպանության, զոհակենտրոն մոտեցման և համագործակցային կառավարման սկզբունքների վրա։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ակնկալվող արդյունքներն են․
- թրաֆիքինգի դեպքերի վաղ հայտնաբերման և կանխարգելման մակարդակի բարձրացում,
- զոհերի նույնացման, աջակցության և վերականգնման համակարգի արդյունավետության աճ,
- պետական մարմինների, տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցության նոր ձևաչափերի ձևավորում,
- հանրային իրազեկվածության և խոցելի խմբերի պաշտպանվածության աստիճանի բարձրացում։
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա էական լրացուցիչ բեռ չի առաջացնի՝ նախատեսելով միջոցառումների իրականացումը համապատասխան մարմինների բազային բյուջետային հատկացումների շրջանակում և միջազգային գործընկերների հնարավոր աջակցությամբ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագիտական աջակցության ներգրավմամբ: Մշակման գործընթացում անհրաժեշտ քննարկումներ և փորձագիտական տեսակետներ են տրամադրել նաև ոլորտային պետական մարմինների ներկայացուցիչները, միջգերատեսչական աշխատանքային խմբերը և գործընկեր հասարակական կազմակերպությունները՝ ապահովելու ծրագրի արդյունավետությունը, համակարգվածությունը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» առաջնահերթությունից, ինչպես նաև համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարության շրջանակում սահմանված նպատակներին։
Նախագիծը լիովին համահունչ է նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին․ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում պետության առջև դրված պարտավորություններին և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջազգային կոնվենցիաների պահանջներին։
- Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ամփոփվելու, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի, այնուհետևՀայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
- Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: