ԱՄՆ-ն հրապարակել է Գազայի ապագայի շուրջ ձևավորվող «Խաղաղության խորհրդի» ղեկավար կազմը։ Խորհուրդը պետք է ապահովի Դոնալդ Թրամփի ներկայացրած 20 կետանոց պլանի իրականացումը։
Ըստ Սպիտակ տան հունվարի 16-ի հաղորդագրության՝ խորհրդի խնդիրն է զբաղվել ռազմավարական վերահսկողությամբ, միջազգային ռեսուրսների մոբիլիզացիայով և հաշվետվողականության ապահովմամբ։
Խորհրդի կազմում են՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Աջայ Բանգան և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը։
Խորհրդին կղեկավարի Դոնալդ Թրամփը։ Բացի այդ, բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը նշանակվել է Գազայի բարձրագույն ներկայացուցիչ՝ ապահովելու տեխնոկրատական Պաղեստինյան ինքնավարության և «Խաղաղության խորհրդի» միջև համագործակցությունը։
Նրան կաջակցի «Գազայի գործադիր խորհուրդը», որի կազմում են Ուիթքոֆը, Քուշները, Բլեյրը, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության պետական նախարար Ռիմ ալ-Հաշիմին և այլ պաշտոնյաներ։
Գերմանիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել խորհրդի աշխատանքներին։ ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի խոսքով՝ այս ուղղությամբ շուտով կսկսվեն քննարկումներ և հնարավոր է՝ կստացվի պաշտոնական հրավեր։
The Telegraph-ի տվյալներով՝ խորհրդում կարող են ընդգրկվել նաև ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Եգիպտոսից և Թուրքիայից։ Վադեֆուլը նշել է, որ Գազայի ապագայի անվտանգ կառուցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Համասը բացառվի գործընթացից։