Կառուցապատման ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը օրենսդրական փոփոխություններ է նախատեսել կառուցապատման ոլորտում։ Նորակառույց շենքերին վերաբերող առքուվաճառքի 24 հազար պայմանագրերում հանձնաժողովը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել։ Ու քանի որ դրանք համակարգային են, որոշել են խնդրին օրենսդրական լուծում տալ։ Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ այդպիսով գնորդներն ավելի պաշտպանված կլինեն։  

Շենքերը պատրաստ են, բայց դրանցից շատերը չունեն ավարտական ակտեր։ Իսկ ավարտական ակտեր ունեցող կառույցների մի մասի իրական վիճակը հաճախ չի համապատասխանում նախագծին։ Կառուցապատողից բնակարան գնելիս սեփականատերերը հաճախ ստիպված են սպասել մի քանի տարի։ Իրավիճակը բարդանում է, երբ ժամկետներն են խախտվում, ինչպես այս դեպքում․

«Մեզ վստահեցրել են, որ 6 ամսից հանձնվելու է, դա գնել ենք 3 տարի առաջ, ու այդ 6 ամիսը մինչև հիմա գնում է։ Նոր տարուց առաջ  նորից մոտեցել եմ, ասել են՝ մի 10 օրվա մեջ կլուծվի Նոր տարուց հետո։ Նորից ենք եկել ու նորից խնդիր է»։

Վերջին տարիներին Երևանում կառուցված շատ շենքեր սեփականատերի համար հոգս են դարձել։ Տարբեր կառուցապատողներից բնակարան գնած սեփականատերերը պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում։ 2026թ նոր է սկսվել, բայց արդեն դժգոհություններ կան․

«Ձեռք ենք բերել բնակարանը 2022 թ-ին։ Ասում էին, որ պետք է փետրվար-մարտ ամիսներին շենքը հանձնվի, արդեն հունվար ամիսն է։ Դեռ սպասում ենք։ Մարդիկ և՛ վարձ են տալիս, և՛ հիփոթեք են վճարում, և՛ սպասում են, որ օրերից մի օր իրենց բնակարանում կկարողանան ապրել, որպեսզի կարողանան կրճատել իրենց ծախսերը և մի փոքր ստեղծել իրենց հարմարություններն ու կոմֆորտը»։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը բնակարանի վաճառքի 24 հազար պայմանագիր է ուսումնասիրել։ Բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերել ու այժմ օրենսդրական լուծումներ են առաջարկում։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահ է, որ եթե դրանք կյանքի կոչվեն, ժամկետների հարցը կկարգավորվի։ Առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով կառուցապատողը պարտավոր կլինի տուգանք վճարելու գնորդին, եթե շինարարական աշխատանքները չավարտվեն նախապես սահմանված ժամկետներում։ Բայց սա միակ փոփոխությունը չէ, ասում է հանձնաժողովի նախագահը․

«Օֆերտայի փուլում սպառողին ներկայացվող պայմանները և պայմանագրում ներկայացվածը բովանդակային առումով պետք է նույնը լինեն ։ Այսինքն, եթե գովազդում ներկայացվում է, որ շենքը պետք է ունենա այս կամ այն ենթակառուցվածքները, դրանց առկայությունը պետք է նշվի նաև սպառողի հետ կնքվող պայմանագրում։ Օֆերտայի փուլում սպառողին պետք է ներկայացվի հստակ տեղեկատվություն շրջակա միջավայրի ենթակառուցվածքների հետ կապված ։ Եթե ինչ-որ մեկը բնակարան է ձեռք բերել վերջին 2–3 տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ այդ խնդրին բախվել է։ Ինքը տեսնում է պատկեր, գովազդ, բայց իրականության մեջ պայմանագրում գրված է ուղղակի տան քառակուսի մետրը՝ 100 քառակուսի, 50 քառակուսի»։

Պայմանագրում ենթակառուցվածքների մասին դրույթներ նույնպես պետք է ներառվեն։ Այստեղ ևս խնդրահարույց հարցեր են նկատել հանձնաժողովում․

«Կարծում ենք, որ պետք է գնորդին տրվի տեղեկատվություն շրջակա միջավայրի հետ կապված ու բոլոր ենթակառուցվածքների։ Սպասարկման հետ կապված նույնպես առաջարկ ունենքբնակարանը ձեռք բերելուց հետո, երբ որ շենքը հանձնվում է, համատիրություն է կազմավորվում։ Այժմ առաջարկում ենք, որ սպասարկումը իրականացնի կառուցապատողը կամ կառուցապատողի կողմից ընտրված ընկերությունը առնվազն 3 տարի։ Ծառայության արժեքը պետք է նախապես հրապարակվի»։

Օրենսդրական կարգավորումները գնորդին կօգնեն նախ՝ իմանալու, թե ինչպիսի՞ շենքում է բնակարան գնելու, ի՞նչ սպասարկում է ունենալու և որքա՞ ն է վճարելու դրա համար։ Իսկ ամենակարևորը՝ ժամկետները չեն խախտվի։ Բացի այդ, գնորդը զերծ կմնա կառուցապատողի սնանկացման ռիսկերից։ Սա դեռ նախաձեռնություն է, առաջիկայում այն օրենսդրական տեսք կստանա ու կդրվի քննարկման։

Leave a Comment